Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Երեւանում արժանացավ քիչ ուշադրության:

Կառավարող նոր քաղաքական թիմն ըստ երեւույթին չունի քաղաքական առանցքային հաղթաթղթերը ներքին օրակարգում կապիտալիզացնելու եւ գեներացնելու բավարար ներուժ կամ կարողություն, իսկ այլեւս չկառավարող համակարգը չունի Զոհրաբ Մնացականյանի ելույթի հանդեպ էական ուշադրության շարժառիթ, քանի որ էֆեկտը հակառակ դեպքում լինելու է ամիսներ շարունակ կառուցված հակաքարոզչական բուրգի սեփական ձեռքով ապամոնտաժումը:

Այդ իսկ պատճառով առավել նախընտրելի է ուշադրություն դարձնել եւ տեղեկատվական ամբողջ ներուժը մոբիլիզացնել Ադրբեջանի արտահայտած դիրքորոշումների շուրջ, կառուցելով «կուռ վախճանաբանություն» եւ ակնկալելով, որ դա կազդի հանրային որեւէ շրջանակի վրա եւ կբերի գործող իշխանության վարկանիշի անկման:

Բրատիսլավայում տեղի ունեցավ շատ կարեւոր բան, եւ այն ամենեւին հերթական հանդիպում, առավել եւս Ադրբեջանի՝ իր մոտեցումների հերթական շարադրում եւ դրան Երեւանի հերթական պատասխան չէր: Այդպիսի «դուելներ» եղել են նախկինում:

Զոհրաբ Մնացականյանի ելույթը Երեւանի հայտարարությունն էր մի պարզ բանի մասին՝ Արցախի հարցում Հայաստանի համար ամեն ինչ վերջացած է, Հայաստանը ստանձնում է բանակցային նոր շրջափուլի տրամաբանությունը գծելու հանձնառությունը, որում Բաքուն այլեւս պետք է լեզու գտնի Ստեփանակերտի հետ:

«Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին»: Դա է Հայաստանի արտգործնախարարի ելույթում առանցքային արձանագրումը:

Դրանից հետո Բաքուն պետք է որոշի, թե ինչպես է հարաբերվելու Արցախի հետ ռազմա-քաղաքական անվտանգության այն շրջանակում, որ նախանշում է Երեւանը: Կամ ինչ է անելու, եթե չհարաբերվի:

Արտգործնախարարի ելույթում Երեւանն արտացոլում է ներկայում ձեւավորված միջազգային ռազմա-քաղաքական իրավիճակը, դրանում հայկական հարցի եւ գործոնի նոր դերն ու արժեքը՝ Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա եւ Պեկին: ԵԱՀԿ նախարարական համաժողովում Հայաստանը հայտնում է այդ հարցում իր վճռորոշ պատասխանատվությունը՝ այն որեւէ ուժեղ մայրաքաղաքի վրա դնելու փոխարեն:

Այլ հարց է, թե որքանով է Երեւանն ունակ գտնվելու երկարաժամկետ սպասարկել այդ պատասխանատվությունը, ինչն արդեն այն ռազմավարական կառավարման կարողության տիրույթում է, որի մասին օրերս հայտարարել էր վարչապետ Փաշինյանը ազգային անվտանգության նոր ռազմավարության քննարկման ընթացքում:

Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ստեփանակերտում մարտի 12-ի ու օգոստոսի 5-ի Նիկոլ Փաշինյանի ելույթների այսպես ասած առաջին «արտահանումն» էր: