Այդ անձանց ցանկը կազմված է, ընդհուպ Սերժ Սարգսյանը

- in Հասարակություն

Ազգային ժողովը քննարկում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման հարցը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ստացված գաղտնի ու հույժ գաղտնի փաստաթղթերի հիման վրա նախորդ փուլում հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ: Զինծառայողների քննության ընթացքում կազմվել ու հնչեցվել է 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքրող պատասխաններ:
«Ամենաբարդ փուլն անցել է հանձնաժողովը՝ փաստաթղթերի ստացման ու ուսումնասիրման: Եվ մենք վերջնական փուլն իրականացնելու ենք արդեն պաշտոնյաների ցանկը հրավիրելով: Իսկ նրանց քանակը մոտավորապես կարող է հասնել մինչև 40-ի: Դա, մեր գնահատմամբ, կտևի մի քանի ամիս: Եվ վերջին երկու ամիսը մենք նախատեսում ենք մեր վերջնական եզրակացության կազմման համար»,- ասաց Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ հանձնաժողովը որոշ անձանց կողմից դիմադրության չի հանդիպել: Անդրադառնալով հրավիրյալների ցանկին և պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին, Հայկազն Բաղմանյանին երբ են հրավիրելու հանձնաժողով, նա պատասխանեց. «Այդ անձանց ցանկը կազմված է, այո, հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց, ընդհուպ մինչև այդ ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, որովհետև վերջին հաշվով ինքն իրականացրել է գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ: Եվ հարցեր կան, որ այս ընթացքում հավաքագրվել են, և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից, իսկ նրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր այդ ընթացքում կառավարման առումով ունեցել են առնչություններ: Քաղաքական շահարկում բացառվել է մինչև հիմա, մենք պահպանել ենք մեր կեցվածքն այս վեց ամսվա ընթացքում»:

Քոչարյանը հավելեց, որ առավելագույն ժամկետը, որը կարող են խնդրել հանձնաժողովի աշխատանքների երկարացման համար, օրենքով սահմանված 6 ամիս է: Կփորձեն այդ ընթացքում ավարտել աշխատանքները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...