Անդրանիկ Քոչարյանն իրավապահներին կոչ է արել երկիր վերադարձնել նախկին պաշտոնյաներին

- in Հասարակություն

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրավասու մարմիններին կոչ արեց քայլեր ձեռնարկել՝ Հայաստան վերադարձնելու երկրից հեռացած և մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին:

Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի մասին է: «Դժվար է ասել, թե այս անվանացանկը դեռ ինչքան է համալրվելու, բայց մեկ բան պարզ է՝ այս նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնվել բազմաթիվ կարևոր կառույցներ: Խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է հասցեագրված:

Խուսափելով ներկայանալ ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանել՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել իրենց իսկ կողմից գլխավորած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորոտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայություններն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին:

Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն՝ օր առաջ նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե այս անձինք չունեն վերադառնալու կարևորությունն ինքնուրույն գիտակցելու կարողություն»,- ասաց Քոչարյանը: Նա հավելեց, որ այս մարդկանց առնվազն կեսը չունեն ՌԴ քաղաքացիություն, նրանցից ոմանք ընդամենը ժամանակին կատարել են մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տրված իրավական առումով խիստ կասկածելի հրամանները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...