HAPK

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հրապարակել է արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումը: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ նախարարական հերթական համաժողովի մեկնարկին ընդառաջ, որի շրջանակում նաեւ սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպում:

Միաժամանակ հատկանշական է, որ Ադրբեջանի մոտեցման հրապարակումը տեղի է ունենում Բաքու ՌԴ արտգործնախարար Լավրովի կատարած այցից հետո, որի ընթացքում նա արել էր մի քանի հայտարարություն՝ փոխզիջման հեռանկարներ տեսնելու, փոխադարձ շփումներն աշխուժացնելու մասին:

Փաստաթղթի հրապարակման կապակցությամբ Բաքվի մամուլը գրել է, որ Ադրբեջանն առաջին անգամ արձանագրում է «կարմիր գիծը»: Գուցե Բաքուն բանակցային իր «կարմիր գիծն» արձանագրում է առաջին անգամ, կամ այսպես ասած փաստաթղթավորում է առաջին անգամ, բայց դրա բովանդակությունն առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն արտահայտում է ամենատարբեր առիթներով եւ հարթակներից:

Հետեւաբար առաջանում է հարց, թե ո՞րն է դրա նպատակը: Արդյո՞ք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ Բաքուն փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը կամ կարմիր գծով փորձում է դիմադրության դիրք ընդունել իր համար անցանկալի որեւէ հարցի քննարկման հանդեպ:

Սակայն, փաստաթղթի հրապարակումը հազիվ թե պայմանավորված լինի իրավիճակային իրողությամբ, այլ շատ ավելի լայն գործընթացով:

Փորձագիտական հանրույթի մոտ գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանում տեղի է ունենում ներիշխանական ստատուս-քվոյի փոփոխություն, եւ Իլհամ Ալիեւը սահուն հանձնում է իշխանությունը տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային: Դա պայմանավորված է հանգամանքներով, որոնց մասին Լրագիրն ու տողերիս հեղինակը գրել են դեռեւս 2017 թվականից՝ Շրջադարձ սահմանին. Ադրբեջանը բերվում է առերեսման , Ալիեւը կանգնել է փաստի առաջ. նրա բարդ ընտրությունը, Ադրբեջանը փոխու՞մ է սահմանային մարտավարությունը. Թավշյա իշխանափոխություն Բաքվում: Ադրբեջանում գործընթացը սկսել է վաղուց եւ այժմ սկսել է մոտենալ եզրափակիչ փուլին: Այդպիսով, Բաքուն փորձում է դուրս գալ այն լրջագույն փակուղուց, որում հայտնվել է Իլհամ Ալիեւի պատերազմի եւ ռազմական շանտաժի քաղաքականությունը: Բաքուն փորձում է դուրս գալ հնարավորինս պատվով, ու նաեւ իշխող երկու կլանների՝ Ալիեւների եւ Փաշաեւների համար առավելագույն անվտանգ ճանապարհով, որը կենթադրի իշխանության պահպանում:

Մեհրիբան Ալիեւայի խնդիրը լինելու է բավական բարդ: Նա պետք է Իլհամ Ալիեւի տարիների ջանքով հայատյացությամբ լցված եւ պարտվողի բարդույթով Ադրբեջանը պատրաստի խաղաղության: Այլ տարբերակ չկա, քանի որ հակառակ դեպքում իշխանափոխությունը ամբողջությամբ կիմաստազրկվի ակնթարթորեն: Պատրաստել խաղաղության, նշանակելու է պատրաստել առանց նախապայմանի խաղաղության, այսինքն առանց «տարածք որեւէ բանի դիմաց» բանաձեւի:

Առերեւույթ, այդ իրողությունը հակասության մեջ է ԵԱՀԿ նախարարների համաժողովից առաջ Բաքվի ներկայացուցչի հրապարակած «կարմիր գծի» հետ: Խորքային առումով սակայն, այդպիսով փորձ է արվում այդ «պարտավորությունից» ազատել Մեհրիբան Ալիեւային: Այդտեղ է Ադրբեջանի բազմաթիվ անգամ հնչեցրած մոտեցումների այսպես ասած «փաստաթղթավորման» մոտիվը:

Ալիեւան չի կարող իրեն թույլ տալ խաղաղարար հռետորաբանության շքեղություն, միաժամանակ նա չի կարող իրեն թույլ տալ հայտնվել ամուսնու օրինակով ռազմատենչ հռետորաբանության պատանդի կարգավիճակում: Խոշոր հաշվով, ԵԱՀԿ-ում հրապարակվածը Ադրբեջանի իշխանության «հանձնման-ընդունման» ակտն է:

Միեւնույն ժամանակ, առանց նախապայմանի խաղաղության պատրաստվելու անհրաժեշտության առաջ հայտնված Բաքուն փորձում է թերեւս իր առաջ քաշած «թեզերով» հնարավորինս շահեկան սակարկել համանախագահների ու Երեւանի հետ, ռազմավարական իմաստով նահանջի պայմաններում փորձելով ձեռք բերել տակտիկական հնարավորինս մեղմ պայմաններ:

Լավրովի Բաքու այցը դրա վկայությունն էր: Որքան կստացվի դա Ադրբեջանի մոտ, էապես կախված է նաեւ Երեւանի վարքագծից: Այդ իմաստով հատկանշական է, որ Բրատիսլավայից առաջ գործնականում իր հստակ դիրքը արձանագրեց Երեւանը: Հայաստանի վարչապետն ընդունեց Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...