Անցյալի հարցերի ծուղակը

- in Կարծիք

Իշխանությունը պատրաստվում է ստուգումներ իրականացնել ընդհուպ 1991 թվական, հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, խոսելով այն մասին, որ հարկ եղած դեպքում իրավապահները կուսումնասիրեն մինչեւ անգամ 90-ականների իրադարձությունները:

Միաժամանակ, Աղաջանյանն ակնարկել է վաղեմությամբ պայմանավորված խնդիրների մասին, նելով սակայն, որ քաղաքացիները պետք է ստանան հնչեղ հարցերի պատասխանները:

Իսկ ինչու՞ իրավապահները չեն անդրադառնում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի իրողություններին, հարցնում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՅԴ կողմնակիցները, կամ Վազգեն Մանուկյանի համախոհները, ներկայում առկա աղմկոտ գործերի առնչությամբ:

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունը կեղծող իշխանությունը չարիք է եւ խոսքը 1996 թվականից կեղծվող ընտրությունների մասին է: Մարտի 1-ին հղած ուղերձում էլ խոսել էր հետանկախական շրջանի քաղաքական հետապնդումների մասին:

Խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական մեծ բանավեճի ժամանակ անցումային արդարադատության 90-ականներին առնչվելու մասին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հարցին էլ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ իհարկե առնչվելու է: Անցումային արդարադատության մեխանիզմ Հայաստանում իհարկե չի ներդրվել, սակայն դա այլ հարց է:

Ինչ վերաբերում է 90-ականներին, ապա, այստեղ հիշվում է օրինակ Արշակ Սադոյանն իր «մազութի գործով»: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գործը բացվեց, սակայն հետո փակվեց գրեթե այնպես, ինչպես բացվել էր: Այդ առումով եղան տարբեր մեկնաբանություններ: ՀՀՇ-ն օրինակ ասում էր, թե ոչինչ էլ չգտան, եւ դա վկայում է, որ իրականում եղել են մաքուր: Այլ կարծիքներ կային, որ ոչինչ չգտան, որովհետեւ չուզեցին, որովհետեւ շատերը ՀՀՇ իշխանությունից անցել էին Քոչարյանի իշխանություն, իսկ «մազութի գործն» ընդամենը պոպուլիզմ էր:

Հարցերը 90-ականների վերաբերյալ, անշուշտ քիչ չեն: Եթե կառավարող ուժը դրանց առաջ կաշկանդվածություն չունենալու մասին վկայելու համար է անում հայտարարությունները՝ մինչեւ 1991 հետաքննելու պատրաստակամության մասին, ապա դա բավական անազնիվ խաղ է հանրության հետ: Անազնիվ ոչ այն իմաստով, որ ասվում է, բայց չի արվի. ընդամենը ալիբի է ստեղծվում ավելի ուշ իշխանության քայլերը իրավական ուշադրության արժանացնելու համար:

Խնդիրն այն է, թե որքանով է ռացիոնալ ու արդյունավետ ընդհանրապես անցյալի իրավական ռեվիզիայի գերակայությունը, զուտ այդ ամենի իրագործման ֆունկցիոնալ հնարավորության տեսանկյունից:

Այն, որ անցյալի մի շարք դրվագների առնչությամբ հանրությունն ունի հարցեր ու սպասում է պատասխանի, անկասկած է: Միաժամանակ պետք է հարց տալ՝ իսկ որեւէ պատասխան բերելու՞ է հարցերի փակման: Հազիվ թե, ինչը պայմանավորված է անցնող երեք տասնամյակում հանրային գիտակցության եւ արժեհամակարգի էական ապականման եւ իրավական ինստիտուտների դեգրադացման հանգամանքով:

Ըստ այդմ անհրաժեշտ է գտնել բանաձեւ, թե ինչպես մի կողմից հանրայնորեն լեգիտիմ ձեւով կառավարել անցյալի հետ կապված հարցերը, մյուս կողմից չհայտնվել այդ հարցերի ծուղակում:

Հայաստանում դեռեւս պետք է ձեւավորել հավաստի եւ փաստարկված, ոչ թե լոկ պահի համար պոպուլյար պատասխան լսող հանրություն: Հետո արդեն այդ հանրությունը կվերաորակավորի իր հարցերը անցյալի հետ կապված, ավելի շատ պատասխան գտնելով իր մեջ, քան մոտ կամ հեռու անցյալի: Դրանից հետո ավելի հստակ եւ հասկանալի կլինի, թե ինչ պատասխան պետք է հենց այդ անցյալից ստանալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...