Բաբայանը անցնում է զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու սպառնալիքի՞ն

- in Ընտրություններ
Samvel Babayan

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է հայտարարություն Արցախում Բաբայանի համակիրների զանգվածային բողոքի մասին՝ դա պայմանավորելով դատարանում նրա հայցի քննության վերաբերյալ ստացված կուլիսային տեղեկություններով:

Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ Սամվել Բաբայանը դատարանում վիճարկում է Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանն իր մասնակցության իրավունքի հարցը: Գրանցված լինելով Երևանում՝ նա չունի Արցախի նախագահ առաջադրվելու իրավունք: Այդ նպատակով Սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու նրա ստորագրահավաքը չտվեց արդյունք:

Մինչ այդ ուրվագծվում է Արցախի նախագահի ընտրության մասնակիցների և քաղաքական մրցակցության շրջանակը, ընդ որում՝ հետաքրքիր սահմաններով: Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում նախագահ Բակո Սահակյանի հետ միասին հանդիպում էր ունեցել նախագահի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, նաև՝ Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանանի հետ, քննարկել էին համապետական ընտրությանը, դրա օրինականությանը, ազատ և արդար մրցակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է, որ Հայաստանն այդ առումով լինելու է Արցախի հանրության ազատ ընտրության երաշխավորը՝ տալով սեփական իշխանությունը քաղաքական մրցակցության արդյունքում ձևավորելու հնարավորություն:

Մեկ այլ թեկնածու է Նիկոլ Փաշինյանին կոշտ ընդդիմության դիրքում տեղավորված Վիտալի Բալասանյանը, որը հանդիպմանը չէր հրավիրվել, բայց որը կմասնակցի ընտրությանն ու անկասկած կփորձի իր շուրջը մոբիլիզացնել արմատական տրամադրված դժգոհ հանրությանը: Ինչպիսին է Վիտալի Բալասանյանի շանսը՝ պարզ չէ, սակայն նրա վրա խաղադրույք է կատարում Հայաստանի նախկին իշխող համակարգի առնվազն մի մասը: Ընդ որում, օրերս իր հարցազրույցում դրա մասին ակնարկ էր արել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ահա այդ ֆոնին հանկարծ ստացվում է Սամվել Բաբայանի հայտարարությունը այն մասին, որ դատարանից եկած ինչ-որ տեղեկություններ, թե որոշվել է մերժել իր հայցը, զանգվածային դժգոհություն են առաջացնում իր համակիրների շրջանում, և կլինեն մեծաթիվ հավաքներ: Տևական ժամանակ Սամվել Բաբայանը լուռ էր, այն բանից հետո, երբ իր իրավունքը մերժելու պարագայում զանգվածային բողոք կազմակերպելու մասին հայտարարություններն արժանացան Արցախի իշխանության կոշտ պատասխանին, որ թույլ չեն տա իրավիճակը ապակայունացնելու որևէ փորձ: Բակո Սահակյանը կատարեց նույնիսկ ոստիկանապետի փոփոխություն՝ այդ պաշտոնին նշանակելով բանակի բազմափորձ գեներալ, պատերազմի հերոս Լևոն Մնացականյանին:

Բաբայանը վերստի՞ն անցնում է զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու սպառնալիքին, թեև մյուս կողմից՝ նա իր համախոհներին կոչ է անում հանդարտ լինել և սպասել դատարանի վճռին՝ չտրվելով ապատեղեկատվության: Բայց նա անելո՞ւ է նույն հանդարտ լինելու կոչը, եթե լինի դատարանի բացասական որոշում:

Ակնառու է մի բան՝ Արցախի աննախադեպ ընտրական միջավայրն ապակայունացնելու որևէ փորձ չի կարող տեղավորվել հայկական պետականության շահի ծիրում: Կմնա հասկանալ, թե ո՞ւմ շահից կարող է բխել Արցախի իշխանության ձևավորման աննախադեպ մրցակցային գործընթացի համար ռիսկ ու սպառնալիք ստեղծելը, եթե լինի այդպիսին: Թեև Բաբայանը օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարել էր, որ ինքն այն մարդը չէ, որ այդպիսի ռիսկեր առաջացնի Արցախի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments