Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որը անցել է սեփականության իրավունքով մի տղամարդու պատկանող հողամասի մոտով և հասել մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք։

Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ իրականացվել է դեպքի վայրի զննություն, մի շարք անձանցից բացատրություններ են վերցվել ու հարցումներ կատարվել։  Պարզվել է, որ խողովակները հանդիսացել են համայնքի սեփականություն։ Ձեռք բերված փաստերի համադրմամբ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության։