Ապրիլյան քառօրյայի քաղաքական պատասխանատուները

- in Կարծիք
paterazm

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը դիմել է ԱԺ գործունեությունը ևս վեց ամիս երկարաձգելու հնարավորության համար:

Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ մինչ այժմ ուսումնասիրել են հազարավոր գաղտնի էջեր և հարցաքննվել են զինվորներ, որի արդյունքում կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու: Անդրանիկ Քոչարյանը տվել է Յուրի Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, նաև Սերժ Սարգսյանի անունները:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է: Մի կողմից այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր: Մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը, միաժամանակ ստիպելով նաև Ռուսաստանին կանգնել իր հակահայ քաղաքականության փաստի առաջ, որ վարել է մինչև Քառօրյա: Իսկ դա կարևոր հանգամանք է, նկատի ունենալով այն, որ ռուսական քաղաքականությունը վարվել է հայկական ձեռքերով: Կամ՝ նաև հայկական ձեռքերով: Խոսքը այսպես ասած քաղաքական ձեռքերի մասին է: Եվ, եթե ուսումնասիրվում են ռազմական հանգամանքները, ոչ պակաս կարևոր ուսումնասիրության առարկա է քաղաքական հանգամանքների խնդիրը: Եթե չասենք, որ դա առավել կարևոր է, որովհետև, խոշոր հաշվով, որն է, օրինակ, պատերազմի մեջ գտնվող պետության ընդդիմության խնդիրը, կամ որը պետք է լինի այդ ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը: Իհարկե՝ պետությանը կամ ավելի շուտ կառավարությանը մշտապես պահել պատերազմի պատրաստ լինելու ճնշման տակ և անընդհատ բարձրացնել այդ պատրաստության նշաձողը:

Իսկ ինչո՞վ է զբաղված եղել հայկական, այսպես ասած, ընդդիմությունը այն տարիներին, երբ ակնհայտորեն հասունացել է պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ, այդ թվում՝ ռազմավարական դաշնակից համարվող պետության քաղաքականության հետևանքով: Ընդդիմությունը, որ այդ տարիներին արտահայտվում էր այսպես կոչված՝ ոչիշխանական բևեռով, զբաղված է եղել Հայաստանում Ռուսաստանին «մաքրելով», իսկ իշխանությունից փաստացի պահանջել է ոչ թե պատրաստվել պատերազմի, պատրաստ լինել պատերազմի, այլ գործնականում արել հնարավորը՝ ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի խախտումը, այսպես ասած, ավարտին հասցնելու, այն է Հայաստանին Եվրաասոցացումից Եվրասիական միություն շրջելու համար:

Ժամանակի և տարածության մեջ պատերազմները հասունանում են շատ ավելի բազմազան բաղադրիչներով, քան զուտ ռազմականը: Եվ ավելին, պատերազմի ընթացքում ռազմականը բնականաբար սկսում է խաղալ գերակա դեր, սակայն դրա հասունացման, միջավայրի ձևավորման հարցում առավել մեծ դեր են խաղում քաղաքականությանն առնչվող բաղադրիչները, այդ թվում և այն առանցքային խնդրի համատեքստում, որի մասին մի քանի անգամ խոսել է Հայաստանի վարչապետը՝ օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչների, որոնք Հայաստանի ներքաղաքական կյանքում ավելի շատ այլ երկրի շահեր են սպասարկում, քան Հայաստանի ու Արցախի շահերը և անվտանգությունը: Ապրիլյան պատերազմը, որպես կոնկրետ ռազմա-քաղաքական միջավայրում հասունացած երևույթ, միանգամայն կարող էր լինել դրա հետևանքը: Իհարկե, բավականին բարդ է ասել՝ ապրիլյան խորհրդարանական հանձնաժողովը իրավասու կամ ի զորու է ուսումնասիրել նաև այդ քաղաքական հանգամանքները, սակայն մի բան, թերևս, աներկբա է, որ ինչքան էլ ուսումնասիրվի ռազմականը, առանց քաղաքական հանգամանքների մանրազնին դիտարկման, պատերազմի հասունացման պատկերը և դրա համար պատասխանատուների շրջանակը մշտապես լինելու է կիսատ կամ թերի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...