Առաջիկայում ավիաշուկա մուտք կգործի հայկական նոր ավիաընկերություն, որը ամռանից սկսած շաբաթական 41 չվերթ կիրականացնի:

Այս մասին այսօր Ազգային ժողովում Պետական տուրքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Այս նախագծով, հիշեցնենք, օդի տուրքից ազատվում են այն ավիաընկերությունները, ովքեր նոր ուղղություններով չվերթներ են իրականացնելու:

Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ բանակցությունները արտերկրի ավիաընկերությունների հետ շարունակվում են: Բայց կա մեկ կարևոր լուր՝ շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական տեղական նոր ավիաընկերություն: «Այդ ընկերությունն արդեն իսկ հայտ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ ավիաընկերությունը գրանցելու նպատակով: Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են ամառային սեզոնից իրականացնել 13 ուղղություններով չվերթներ: Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ այս պահին կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընկերությունը տեղեկացրել է, որ իրականացնելու է շաբաթական 41 չվերթ, այսինք՝ տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ կբացի ավելի քան 200 աշխատատեղեր մոտակա ամիսներին»,- ասաց Ռևազյանը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է վերոնշյալ հեղափոխական արդյունքներն ապահովելու համար և նաև այն հանգամանքով, որ արդեն իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ից և 2020 թվականի հունվարից ավիաընկերությունների կողմից նախատեսվում են թռիչքներ իրականացնել նոր ուղղություններով՝ հաշվի առնելով առաջարկվող կարգավորումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...