Erdoghan

Լիտվայի ամենամեծ «Delfi.lt» առցանց լրատվական պորտալում հրապարակել է լիտվացի հայտնի լրագրող և գիտնական Վլադիմիրաս Լաուչիուսի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է՝ Հայոց ցեղասպանթյան հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։

Հոդվածում հեղինակը, կասկածի տակ դնելով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամ լինելու իրավունքը, բերել է մի շարք հիմքեր, որոնք պետք է խոչընդոտեին նրա ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը։ Լիտվացի լրագրողը քննադատել է նաև Արևմուտքին Թուրքիայի մութ անցյալի հարցում լռելու համար։

Ամբողջական հոդվածը` ստորև.

«Անհնար կլիներ պատկերացնել, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնար, եթե ճանաչած չլիներ նացիստական հանցագործությունները՝ ներառյալ Հոլոքոստը: Իսկ Թուրքիան, որը չի պատրաստվում խոստովանել քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունները, ՆԱՏՕ-ի անդամ է։

Հյուսիսատլանտյան պայմանագրի նախաբանում ասվում է, որ պայմանագրի կողմերը «վճռական են պաշտպանելու իրենց ժողովուրդների ազատությունը, ընդհանուր ժառանգությունը, քաղաքակրթությունը՝ հիմնված ժողովրդավարության, անձնական ազատություն և օրենքի գերակայության սկզբունքների վրա»:

Վերը նշված սկզբունքներից ո՞րն է պահպանում Թուրքիան: Կարողանու՞մ է դա անել։ Ինչպե՞ս է հնարավոր պահպանել այն քաղաքակրթությունը, որին ինքը չի պատկանում կամ պաշտպանել այն սկզբունքները, որոնց երկրում հազիվ թե հետևում են։

Եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ ուժեղ բանակ, ժողովրդավարության պատրանք և Արևմտյան երկրների հետ որոշ ընդհանուր հետաքրքրություններ, ապա այդ դեպքում ի՞նչպես է որ Ռուսաստանը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ:

Կարող եք ասել, որ Ռուսաստանը խախտում է տարածքային ամբողջականության սկզբունքները Հարավային Օսեթիայում և Ուկրաինայում: Բայց ՆԱՏՕ-ի երկրների համար սա այլևս չի կարող լինել անհաղթահարելի բարոյական և իրավական խնդիր, այն բանից հետո, երբ 1974 թվականին թուրքական զորքերը բռնազավթեցին Հյուսիսային Կիպրոսը:

Այժմ Թուրքիան նաև բռնազավթում է Սիրիայի տարածքը այնքան, ինչքան հնարավոր է՝ Ռուսաստանի հետ բարեկամական բանակցություններ վարելով նաև պարեկային գոտիների համար: Ի՞նչ կասեք սպառազինության և ռազմական համատեղելիության խնդրի վերաբերյալ:

Հաշվի առնելով Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգերի գնումը և ռուսական SU-57 կործանիչներ գնելու մտադրությունը՝ Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, կարծես թե, լուրջ խոչընդոտներ չկան։

Ակնհայտ է, որ անուղղակի ինտեգրում, որն իրականացվում է սպառազինությունների և թուրքերի միջոցով, արդեն ընթանում է:

Ռուսաստանի իշխանությունները չեն ճանաչում սովետական հանցագործությունները և արդարացնում են Ստալինի դաժանությունները: Թուրքիան բացարձակապես նույնն է անում՝ չընդունելով, որ ծրագրել և իրականացրել է հայկական (Մեծ Եղեռն), ասորական (Seyfo) և հունական (Megali Catastrophi) ցեղասպանությունները, զանգվածային սպանությունները, խոշտանգումները և աքսորները դեպի անապատ։ Ավելին, թուրքական օրենսդրությունը թույլ է տալիս հետապնդել մարդկանց, ովքեր ճանաչում են ցեղասպանությունը՝ պնդելով, որ դա վիրավորում է թուրք ժողովրդին: Սա շատ նման է Վլադիմիր Պուտինի ռուսական օրենքին և իր երկրի պատմության գաղափարական քարոզչությանը:

Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը դաժանության, խոշտանգումների, գաղափարական արդարացման և զագնվածայնության տեսակետից, շատ նման է նացիստների կողմից իրականացված Հոլոքոստին: Օրինակ՝ Օսմանյան կայսրությունում բժիշկ Մեհմեդ Ռեշիդը հայտնի էր նրանով, որ հայերին երկրորդ կարգի մարդ էր համարում ի տարբերություն ավելի «առաջադեմ մահմեդականների»: Նա հրամայեց ձիու պայտեր խփել հայ աքսորյալների ոտքերին, որպեսզի ավելի զվարճալի լիներ նրանց աքսորը դիտելը։ Նա նաև սիրում էր խաչել նրանց՝ հաշվի առնելով հայկական կրոնը: 1978թ.-ին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, հրատարակվեց հանրագիտարան, որտեղ Մեհմեդ Ռեշիդը ներկայացվեց որպես «մեծ հայրենասեր»:

Իրենց ապագա նացիստ գործընկերների նման, թուրք բժիշկները դաժան փորձարկումներ են արել այդ «երկրորդ կարգի մարդկանց» վրա։ Օրինակ ՝ նրանք հայերին ներարկել են տիֆով հիվանդների արյունը, երբ որոնում էին հիվանդության համար պատվաստանյութ։

Ստամբուլում նույնիսկ կառուցվեց հուշահամալիր վերը նշված փորձարկումներով հայտնի բժշկի համար։ Նա համարվում է թուրքական մանրէաբանության հայրը:

Տրապիզոնի առողջության վարչության ղեկավար Ալի Սաիբը իր աշխատանքը ջանասիրաբար կատարելիս ստիպում էր հղի հայ կանանց և երեխաներին թույն խմել: Եթե նրանք հրաժարվեին, ապա կնետվեին ծովը։ Սաիբը սիրում էր մորֆինի մահացու չափաբաժին ներարկել հայ աքսորյալներին, ովքեր հրաշքով փրկվել էին անապատի միջով անցած աղետալի ճանապարհորդությունից: Նա նաև երեխաներին սպանում էր տաք գոլորշու լոգանքներում:

Այժմ Թուրքիայում մի շարք փողոցներ և նշանակալի հասարակական վայրեր կրում են ցեղասպանության կազմակերպիչների `Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների անունները: Նույնը կլիներ, եթե ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ ՝ Գերմանիան, փողոցներ անվաներ, ի պատիվ Հիմլերի։

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հիմնական խնդիրն այն չէ, որ այն արգելափակում է Բալթյան պաշտպանական պլանները, գնում է ռուսական S-400- ներ ՝ հրաժարվելով ամերիկյան սպառազինությունից, աջակցում է ԻՊ- ին և Ջաբհադ ալ-Նուսրայի զինյալներին, բռնազավթում է սիրիական տարածքներ, որտեղ իր արաբական դաշնակիցների հետ միասին ոչնչացնում է քրիստոնեական համայնքների մնացորդները Փոքր Ասիայում:

Հիմնական խնդիրը այն չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում է տեսնում թե՛ ժողովրդագրական, թե՛ մշակութային առումով վերածնված Օսմանյան Կայսրություն, որտեղ բարձր ծնելիությամբ թուրք բնակչությունը ի վիճակի կլինի պարտադրել սեփական կանոները։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիայի հիմնական խնդիրը նրա գործողությունների կամ նպատակների, քաղաքական և սոցիալական իրողությունների կամ Արևմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ չէ։ Այս մոտեցումը չպետք է զարմացնի դարեր անց:
Խնդիրն այստեղ ոչ թե Թուրքիայի, այլ Արևմուտքի մոտեցման մեջ է։

Թուրքիայի իրականացրած քրիստոնյա հայերի (սպանվել են առնվազն 1,5 մլն մարդ), հույների (750 000 մարդ) և ասորիներ (մոտ 300 000 մարդ) ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել են Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից։

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և, վերջերս՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այն ճանաչվել է նաև ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրների այդ թվում Լիտվայի կողմից։

Շվեյցարիայում, Սլովակիայում, Հունաստանում և Կիպրոսում քրեական հետապնդում է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Սլովակիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են, ինչպես և Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը:
Դուք դեռ կարծու՞մ եք, որ վերը նշված երկրները պատկանում են մեկ ընդհանուր քաղաքակրթությանը, ընդհանուր ժառանգությանը և ընդհանուր սկզբունքների՞ն:

Ինչ վերաբերում է այս իրավիճակին, պետք է նշել, որ Թուրքիան և նրա դաշնակիցները դեռևս որևէ կոնկրետ խնդրի չեն առերեսվել։ Շատերը նույնիսկ ուրախանում են և, ըստ երևույթին, հպարտանում են այդպիսի դաշնակից, ընդհանուր ժառանգություն (ներիր ինձ, Աստված) ունենալու համար:

Ճիշտ է, որ Թուրքիան կարևոր հակակշիռ էր ԽՍՀՄ-ին Սառը պատերազմի ժամանակ: Պետք է ենթադրել, որ պատահական չէ, որ Թուրքիան մինչև այժմ չի մտել ԵՄ։

Այնուամենայնվիվ, եթե հույս կար, որ իրավիճակը Թուրքիայում կբարելավվի, փոխարենը, այն ավելի վատացավ: Եվ այսպես, քանի գնում է, ավելի դժվար է դառնում բացատրել և արդարացնել խորացող արժեհամակարգային անդունդը։

Հաշտարար մոտեցումը շարունակելը ավելի կեղծավոր կլիներ, քան մինչ այժմ լռությունը ցեղասպանության հարցում։ Ընտրովի ամնեզիան և չխոսելը այն մասին ինչը կարող է անհարմարություն պատճառել, անօգուտ է թուրք գործընկերների համար, և մեղմ ասած, պատիվ չի բերում նրանց:

Նման մոտեցումը մասամբ համընկնում է 1939թ-ին Ադոլֆ Հիտլերի ասածի հետ, երբ նա հայտարարեց լեհերին ոչնչացնելու իր ծրագրերի մասին, ասելով՝«Ով, է ի վերջո, խոսում այսօր հայերի ոչնչացման մասին »:

Այլ կերպ ասած սա ոչ ոքի չի մտահոգում: Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են արևմտյան արժեքները, արդյո՞ք պետք է նույնպես չմտահոգվեն»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •