Հեղափոխությունից հետո Հայաստանում հարուցվել է 126 քրեական գործ, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են իրենց ընտանիքի անդամներ ու բարեկամներ:

Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այդ մարդիկ չեն գնացել աշխատանքի, բայց աշխատավարձ են ստացել:

«Եթե 126 քրեական գործ հարուցվել է, դա նշանակում է, որ դեռ նոր քրեական գործեր կհարուցվեն: Դա նշանակում է, որ երբ ասում ենք՝ 10 տոկոսով աշխատավարձը բարձրացնում ենք, մենք այսպիսով բարձրացնում ենք նաև այն մարդկանց աշխատավարձը, ովքեր կոռուպցիոն եղանակով ՀՀ կրթական համակարգից փողը հանում են: Եվ երբ ասում ենք՝ քիչ է աշխատավարձի բարձացումը, քիչ է նաև այն պատճառով, որ այդ բարձրացված աշխատավարձը չի բաշխվում միայն այն մարդկանց միջև, ովքեր ծառայում են հանրակրթությանը: Եվ սա պրոբլեմ է»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ այսօր կրթական ոլորտի շուրջ քննարկումներ են ծավալվում, բայց այս խնդիրների մասին պետք է խոսե՞նք, թե չէ: «126 տնօրեն, ում մենք վստահել ենք մեր երեխաների դաստիարակությունը, երեխաներից գողանում է, բա էս պրոբլեմը մենք ո՞նց ենք լուծելու, ամեն անգամ գալու ենք ու ԱԺ-ում սրտաճմլիկ ասելու ենք՝ վայ, բա երբ ենք մենք հանրակրթության ոլորտում մեր սրբազան տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու: Եվ մենք իմացել ենք, որ բարձրացնում ենք նաև գող տնօրենների, նրանց սիրեկանների ու սիրուհիների աշխատավարձը, և սա անընդունելի է»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ համակարգը պետք է մաքրվի, թացը չորից տարբերվի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...