Serzh Gagik

Ես չգիտեմ, թե այս իշխանությունը որքանով է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար, այսօր հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով թավշյա հեղափոխության շուրջ նոր իշխանության և Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածությունների մասին:

Գևորգ Պետրոսյանը նշում է, որ չգիտե՝ ինչպիսին է իրականությունն այդ առումով, բայց փաստ է իշխանության անարյուն փոխանցումը:

Պետրոսյանի անդրադարձը բավականին հետաքրքիր տողատակեր պարունակող ակնարկ է: Իսկ այն, որ Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները ամենևին նրա անձնականը չեն, այլ նրա շուրթերով այդուհանդերձ բարբառում է ԲՀԿ առնվազն որոշակի շրջանակ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, օրեր առաջ այլ թեմայով հաստատեց Ծառուկյանն ինքը՝ հայտարարելով, որ Գևորգը ամեն ինչ ճիշտ է անում: Եվ ուրեմն, Գևորգ Պետրոսյանի շուրթերով գործնականում Գագիկ Ծառուկյանն է խոսում նոր իշխանության ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունների մասին, թեկուզ որևէ բան չիմանալու համատեքստում:

Էականն այս դեպքում ակնարկն է: Այն էլ Սերժ Սարգսյանի ձերբակալության ֆոնին: Ըստ ամենայնի, ակնարկի մի երեսն այն է, որ երկու կողմից ինչ-որ մեկը խախտել է պայմանավորվածությունը: Սակայն մյուս երեսին կարող է լինել ավելի հետաքրքրաշարժ հանգամանք, որ չնայած Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքին, ԲՀԿ-ն, և ԲՀԿ շուրթերով նախկին իշխող համակարգի առնվազն մի որոշակի մաս, հայտարարում է, որ «չեն հավատում» Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված մեղադրանքին: Բանն այն է, որ նախկին համակարգում Սերժ Սարգսյանի դեմ կա այլ մեղադրանք, որ նա հանձնեց իշխանությունը և բոլորին դրեց փաստի առաջ: Կարևոր չէ՝ հանձնեց, թե չկարողացավ պահել, տանուլ տվեց և այլն: Էականն այն է, որ կա այդ մեղադրանքը, և դրա շարքում նաև կասկածը, որ, այդուհանդերձ, բանը տանուլ տալը չէ, այլ հենց հանձնելը: Եվ դրա մասին վկայում է Գևորգ Պետրոսյանի ակնարկը: Համենայնդեպս, հետաքրքիր է, Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ կասի՞, որ Պետրոսյանը ճիշտ է ասում: Թեև հնարավոր է՝ Ծառուկյանի համար իրավիճակը հիմա ավելի լուրջ է այլ ուղղությամբ, որովհետև նա, փաստորեն, կամա թե ակամա, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի, շեյխի և գահաժառանգի անուններն է շոշափել և հոլովել մի հարցում, որը նրանց համար ուղղակի չափազանց փոքր կալիբր է, և որում նրանք չեն եղել երբեք:

Այդուհանդերձ, Պետրոսյանի ակնարկը հետաքրքիր է նաև այդ ֆոնին, երբ սրվեց «Իմ քայլը» և ԲՀԿ հարաբերությունը, և Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին փաստորեն ցույց տվեց դուռը: ԲՀԿ-ն, իհարկե, կարծես թե չհամարձակվեց կայացնել խորհրդարանի աշխատանքի երկարատև բոյկոտի որոշում:

Դա, իհարկե, ռացիոնալ քայլ էր, սակայն թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս ԲՀԿ քայլերը էապես սահմանափակված են, և այդ իրավիճակն է թերևս նաև, որ Ծառուկյանին ստիպում է մտածել, որ ջուր տանելով հեղափոխությանը, նա, այդուհանդերձ, ոչ թե ջրել, այլ թերևս չորացրել է ԲՀԿ քաղաքական ճանապարհը: