Ով էլ դիմի, հիմա նրանք էլ չեն գա, տեսա՞ք, որ ասացին՝ զգացել են, որ անցանկալի հյուրեր են, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ թեման շեյխերն էին, թագաժառանգի ներկայացուցիչները:

Գագիկ Ծառուկյանն իհարկե այս անգամ չէր պնդել, թե Հայկ Մարությանի հետ հանդիպողները գահաժառանգի ներկայացուցիչներն էին, կամ որ գահաժառանգը եկել է Հայաստան:

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը հայտարարություն էր արել, որ Աբու Դաբիի գահաժառանգը Հայաստան չի եկել երբեք, Հայաստան է եկել Աբու Դաբիի շեյխի մյուս որդին, որը գահաժառանգ չէ:

ԲՀԿ նախագահն ըստ երեւույթին մտածել է, որ շեյխի ցանկացած որդի ինքնըստինքյան դառնում է գահաժառանգ: Կամ, գուցե ինչ որ մեկն է ապակողմնորոշել ԲՀԿ առաջնորդին, հետո փաստորեն դնելով անհարմար վիճակի առաջ:

Բայց, Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե անհարմարը ներդրողներին վանելն է՝ ինչ կապ ունի գահաժառանգ է, թե պարզապես թագավորի տղա: Ու երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նրանց նորից կփորձի բերել Հայաստան, ԲՀԿ նախագահը տվել է իր պատասխանը՝ ով էլ դիմի, նրանք էլ չեն գա:

Պատկերացրե՞լ է Գագիկ Ծառուկյանը, որ իր այդ հայտարարությամբ փաստորեն ինքնըստինքյան մարտահրավեր է նետում նախագահ Արմեն Սարգսյանին: Բանն այն է, որ երբ Հայաստանում ծավալվում էր Ծառուկյան-Մարության «շեյխմատային պարտիան», Էմիրություններում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հանդիպելով թե տեղի շեյխերին, թե նաեւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգին: Սարգսյանը նույնիսկ լուսանկար էր հրապարակել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չունեցող Սաուդների գահաժառանգի հետ, գրառում անելով՝ անակնկալ գործնական հանդիպում:

Ավելին, նախագահ Սարգսյանի Էմիրաթներ այցի ընթացքում համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ԱՄԷ եւ աշխարհի խոշոր ներդրող ընկերություններից մեկի հետ՝ Հայաստանում մոտ 500 մեգավատ հզորությամբ արեւային կայանններ կառուցելու ծրագրի առնչությամբ, որը ենթադրելու է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում:

Դրանից առաջ էլ նախագահ Սարգսյանը այցելել էր Կատարի էմիրություն, հանդիպելով արաբական այդ ոչ պակաս հարուստ երկրի ղեկավարների հետ:

«Կբերի՞» Արմեն Սարգսյանը շեյխեր Երեւան: Ով էլ լինի, էլ չեն գա, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը, յուրօրինակ մարտահրավեր նետելով նախագահին:

Իհարկե, խոսքը շեյխերի մասին չէ, որոնք կամ որոնց ներկայացուցիչները կգան Երեւանի կենտրոնում հիվանդանոց կամ հյուրանոց կառուցելու: Ցանկացած կառուցվող բան իհարկե լավ է, բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի համար ներկայում կենսականորեն անհրաժեշտ են ներդրումներ, որոնք կպարունակեն Հայաստանի ինժեներական ներուժը բացելու հնարավորություն, միաժամանակ լինելով փոխշահավետ առաջարկ Ծոցի ներդրողների համար: