Samvel Karapetyan

Ես ոչ թե տարին մեկ մարաթոնին բարեգործություն եմ անում, այլ ամեն օր, իմ ընտանիքի հետ, տարբեր ուղղություններով, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Հայաստան հիմնադրամի մարաթոնին և արձանագրված տասը միլիոն դոլար արդյունքին: Ծառուկյանը չի մասնակցել մարաթոնին, չի արել նվիրաբերություն:

Նրա ակնարկը հետաքրքիր է այն հանգամանքի ֆոնին, որ մարաթոնի ամենախոշոր նվիրատվությունն արել է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլար: ԲՀԿ նախագահն իհարկե չի տալիս կոնկրետ անուն, սակայն տարին մեկ նվիրաբերության փոխարեն ամեն օր բարեգործություն անելու մասին ակնարկը այդ ֆոնին ստացվում է բավականին թափանցիկ, թեև նույն կերպ Կարապետյանն էլ կարող է ասել, որ ամենևին էլ միայն տարին մեկ նվիրատվություն անող չէ և ունի իր բարեգործական հիմնադրամը, ինչպես Ծառուկյանն՝ իրենը: Այստեղ սակայն հարցն իհարկե բարեգործական մրցավեճը չէ, այլ քաղաքական, նկատի ունենալով այն, որ վերջին ամիսներին նշմարվում է Հայաստանի նոր իշխանության և Սամվել Կարապետյանի միջև հետհեղափոխական մշուշի ցրում և որոշակի պայմանավորվածությունների կայացում: Հատկանշական է, որ հենց այդ միտումից հետո Գագիկ Ծառուկյանը բավականին կոշտացրեց իր հռետորաբանությունը և քննադատությունը տնտեսական հեղափոխության բացակայության մասին:

Այն դեպքում, երբ Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ տնտեսական հեղափոխություն տեղի է ունենում: Սրան ավելանում է նաև այն, որ մամուլում հաճախակի հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ Սամվել Կարապետյանը կարող է կուսակցություն հիմնել, ֆինանսավորել: Իհարկե այդ կուսակցության հանգամանքը ինքնին, եթե դա համապատասխանում է իրականությանը, ենթակա է առանձին դիտարկման, թե ինչպիսին կարող է լինել այդպիսի կուսակցությունը քաղաքական ապագայի ներկապնակում:

Սակայն մի բան հստակ է, որ այն կլինի առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի մրցակից, քանի որ հնարավոր այդ ուժի առանցքային բազան գոնե սկզբնական շրջանում լինելու է այսպես ասած «նյութա-տեխնիկականը»: Այն, ինչը Ծառուկյանի քաղաքական «այցեքարտն» է: Այդպիսով, ԲՀԿ նախագահը կարող է կորցնել այդ իմաստով «մենաշնորհը» կամ «գերիշխող դիրքը», ինչն էլ բնականաբար առաջացնում է ԲՀԿ նախագահի սուր ռեակցիան Կարապետյանի հետ կապված որևէ զարգացման հանդեպ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...