Գաղտնի պլանն ու բացահայտ պայմանագիր Հայաստանի դեմ

- in Կարծիք
Erdoghan Putin

Հայաստանի դեմ հարձակման թուրքական գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին արտահոսքը, որը Nordic Monitor-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթը հրապարակել էր օրերս, առիթ է թերեւս հիշելու ավելի վաղ՝ արցախյան պատերազմի տարիներին առնչվող մի տեղեկատվություն, որի վերաբերյալ հրապարակայնորեն բավական հաճախ էր խոսում Դավիթ Շահնազարյանը:

Ըստ այդ խոսակցության, երբ 1992 թվականին Թուրքիան ունեցել է Հայաստանի դեմ ռազմական գործողության մտադրություն՝ Ադրբեջանին աջակցելու համար, ԱՄՆ շատ բարձրաստիճան մի պաշտոնյա Անկարային զգուշացրել է, թե այդ դեպքում կարող են գործ ունենալ ռուսների հետ: Իսկ եթե մենք ռուսների հետ պայմանավորվե՞նք, հարցրել է Թուրքիան: Այդ դեպքում գործ կունենաք մեզ հետ, պատասխանել են Վաշինգտոնից:

Պատմու՞մ է, կամ կպատմի՞ Դավիթ Շահնազարյանն այդ պատմությունն այժմ, հաշվի առնելով հեղափոխությունից հետո նրա քաղաքական դիրքավորումը:

Բանն այն է, որ թուրքական գաղտնի պլանի վերաբերյալ արտահոսքը հերթական անգամ որոշակիորեն աշխուժացնում է Հայաստանի համար Ռուսաստանի ռազմական «անփոխարինելիության» հանգամանքը, որը փաստորեն հերքվում է 1992-ի պատմությամբ:

«Անփոխարինելիության» տրամաբանությունը Հայաստանում գործնականում արգելափակում է աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական հարցերի, դրանցում Հայաստանի տեղի, դերի, սուբյեկտության մասին խորքային քննարկումների հնարավորությունը: Այն, ինչ թերեւս ակնկալում են այն ուժերը կամ սուբյեկտները, որոնց համար ներկայում կա մի գերխնդիր՝ պահել եւ պահպանել ռեգիոնալ անվտանգության այն համակարգը, որը փաստացի կառուցված է ռուս-թուրքական 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի բազայի վրա: Իսկ այդ պայմանագիրը Հայաստանի սուբյեկտության չեզոքացման պայմանագիր է:

Մենք խոսում ենք հարձակման գաղտնի պլանի մասին, երբ փաստացի կա Հայաստանի չեզոքացման բացահայտ պայմանագիր, որը չունի ուժ, բայց ունի ռուս-թուրքական երկկողմ ճանաչում:

Հայաստանը չեղարկել է այդ պայմանագիրը արցախյան հաղթանակով, եւ դրա ամեն մի հաջորդ օր փաստացի ամրագրում է նոր իրավիճակը եւ ռազմա-քաղաքական անվտանգային նոր համակարգը:

Թուրքական հարձակման գաղտնի պլանը որպես ռազմա-քաղաքական փաստաթուղթ իր գոյությամբ իհարկե արտառոց չէ միջազգային հարաբերությունների համար ընդհանրապես:

Հարցն այս դեպքում այն է, որ արտահոսքը ստեղծում է նոր իրավիճակ եւ Հայաստանին տալիս է նոր փաստարկ՝ գաղտնի պլանի բացահայտման պայմաններում բացահայտ պայմանագրի չեղարկման քաղաքական հարցադրումների համար՝ ձեւավորված բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments