«Սասնա ծռերը» հայտարարում են՝ ավարտվում է գործող իշխանություններին աջակցողի իրենց դերակատարությունը, և գալիք 2020-ից հանդես են գալու իբրև արմատական ընդդիմություն՝ օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների անցկացումն ու իրական «սպիտակների» բևեռ ստեղծելու ծրագիրը։

«Ծռերի» համոզմամբ՝ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն, հետևաբար, ինչպես նշված է կուսակցության օրերս տարածած հայտարարության մեջ, ժամանակն է, որ «իրեն սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունը ունենա իրական այլընտրանք»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա կոնկրետ ժամկետ դրա համար «Ծռերը» չեն ծրագրում։ «Մենք չենք ծրագրում արտահերթ ընտրությունները ամսով, օրով, բնականաբար դա լուրջ չէր լինի։ Մենք ծրագրում ենք ձևավորել այն ազգային ժողովրդավարական բևեռը, որը կպահանջի և հարկ եղած դեպքում նաև ժողովրդի կամքի ազդեցությամբ կհարուցի այդպիսի որոշում», – ասել է կուսակցության ղեկավար գործիչ Վարուժան Ավետիսյանը։

Ի դեպ, «Սասնա ծռերը» Նոր տարի կդիմավորեն ոչ թե Երևանի Հանրապետության հրապարակում, այլ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ. այնտեղ են պահվում 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Հեռու ենք այն մակերեսային կարծիքից, թե «ծռերի» նոր արմատական կեցվածքը հետևանք է բացառապաես երկու կալանավորներին չազատելու իշխանության մոտեցման։ Սա ավելի շատ առիթ է, Ամանորը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ դիմավորելը սիմվոլիկ մի իրադարձություն է, որն ազդարարում է կուսակցության քաղաքական նոր կարագավիճակը։

Այստեղ, իհարկե, բազմաշերտ ու բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն այս պահին, թերևս, դժվար է տալը։ Օրինակ՝ ինչ ասել է «արմատական ընդդիմություն»։ Եթե դրա տակ հասկացվում է 2016-ի վարքագիծը, ՊՊԾ գնդի գրավման «հերոսացումը», ապա դա հին օրակարգ է, մաշված բրենդ է հետհեղափոխական Հայաստանում, որտեղ ընտրական ինստիտուտները վերականգնված են ու մեծ իմաստով՝ ավտորիտար համակարգ գոյություն չունի։ Մյուս կողմից՝ քաղաքական համակարգի տրամաբանությունն է փոխվել ու «ծռերը» չունեն քաղաքական ռեսուրսներ՝ հին օրակարգով ռեստավրացվելու համար։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» ասվածը նույնպես վերացական մի բան է, որն առայժմ կարգախոսային է, չունի հստակ քաղաքական բովանդակություն։ Մյուս կողմից՝ «ծռերի» ավելի «սպիտակ» ներկայանալը կարող է նույնիսկ նպաստավոր լինել գործող իշխանության համար, որովհետև ակամայից սեգմենտավորվում է արմտական հեղափոխոխություն պահանջող քաղաքական նիշ, ինչն իշխանությունները կարող են օգտագործել հին համակարգի ամբողջական կազմաքանդումն իրականացնելու համար, խոսքն՝ առաջին հերթին, վերաբերում է ուժային, իրավապահ մարիմինների բարեփոխումներին, որոնք ակնհայտորեն շարունակում են գործել անցյալի իներցիայով։

Այս իմաստով՝ «ծռերը», չնայած հռետորաբանության կոշտացմանը, շարունակում են մնալ գործող իշխանության դաշնակիցը։ Մյուս կողմից՝ ամեն բան այնքան էլ ակնհայտ չէ, որովհետև խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով «ծռերը» ասոցացվում են հին համակարգն ամբողջացնող սեգմենտների հետ, որոնց ներկայացուցիչների ամեն երկրորդ նախադասություն հենց արտահերթ ընտրությունների անհարաժեշտության մասին է։

Ամեն դեպքում՝ գործ ունենք «ծռերի» նոր քաղաքական հայտի հետ ու հիմա թերևս հետաքրքիր է նաև, թե որն է լինելու Փաշինյանի թիմի արձագանքը։