serzh-sargsyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադաառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, բրատիսլավյան բանակցությունների արդյունքներին, բառացիորեն ասել է․ «Սերժը փրկեց Նիկոլին:

Այս մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյան- Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան- Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան- Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակից»:

Բովանդակային հարթության վրա Աշոտյանի ասածը որևէ քննադատության չի ենթարկվում՝ նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը, ինչպես և՝ արտաքին քաղաքականությունն՝ առհասարակ, դժվար է կոնցեպտուալ համարելը։ Անգամ այս պարագայում, ներկաների քաղաքականության հակասականության համատեքստում դժվար է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան քաղաքականությունն էտալոնային կամ հաջողված համարելը։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի քաղաքականության «ձեռքբերումը» եղել է Քառօրյա պատերազմը ու նաև այն անատամ մարտավարությունը, որ բոլոր տեսակի զիջումներին պատրաստ իշխանությունը հույսը դրել է Ալիևի մաքսիմալիզմի ու դրա հետևանքով՝ կարգավորման տարբերակների վիժեցման վրա։ Այս համատեքստում առնվազն ծիծաղելի է, երբ նախկին համակարգի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պարտվողականության կամ նրա քաղաքականության ձախողման մեջ։

Սակայն Աշոտյանի խնդիրը ոչ այնքան Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության «մերկացումն» է, որքան՝ «Սերժը փրկեց Նիկոլին» արտահայտությունը տիրաժավորելը, ընդ որում՝ բոլոր հնարավոր առիթներով։ Եթե ուշադիր հետևենք սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, ապա կնկատենք, որ հին համակարգի հետ ասոցացվող օգտատերերն այս արտահայտությունը կրկնում են հնարավոր բոլոր առիթներով։

Ըստ էության, գործ ունենք նախկինների վարած «հիբրիդային պատերազմի» նոր դրսևորման հետ, որն ընթանում է հենց «Սերժը փրկեց Նիկոլին» նշանաբանով։ Նախկին իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի օբյեկտիվ անկումը որևէ կերպ չի բարելավում իրենց դիրքերը, այլ խոսքով՝ մեր հասարակությունը բավականին իմաստուն է ու կարողանում է տարանջատել հեղափոխությունն իշխանությունից։ Այս պարագայում նախկիններին մնում է՝ թիրախավորել ոչ այնքան Փաշինյանին կամ նրա թիմին, որքան՝ հեղափոխությանը։

Հենց այս հարցում է, որ «հիբրիդային պատերազմի» սիրահարներին «օգնության» է հասնում Սերժ Սարգսյանը։ Երբ հասարակությունը պարբերաբար լսում է «Սերժը փրկեց Նիկոլին» արտահայտությունը, նրա մոտ ակամայից զարգանում է դավադրական մի վարկած, ըստ որի՝ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադաձություններն ոչ թե հեղափոխություն էին, այլ ընդամենը՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած ստվերային պայմանավորվածության հետևանք։

Գործող իշխանությունները բնավ էլ չպետք է թերագնահատեն նախկինների հակաքարոզչության կամ «հիբրիդային պատերազմի» հետևանքները, մանավանդ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն այնքան «թույլիկ» էր, որ միանշանակ գնահատականի չարժանացավ հասարակության կողմից։ Սերժ Սարգսանի հանցանքի «գինը» չի կարող լինել ընդամենը մեկ միլիոն դոլար, ու շատերը տարակուսում են, թե ինչո՞ւ է Նիկոլը «փրկում» Սերժին։