Cnndkan

«Երեխաների ապօրինի որդեգրման, վաճառքի գործում մեղադրյալների շրջանակը պետք է ընդլայնվի: Ռազմիկ Աբրահամյանից սկսած մինչև վերջին սանիտարկա ու լիֆտյորշա, դռնապան այս գործում ներգրավված են եղել: Դա չի էլ քննարկվում, և նրանք բոլորը պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին»,- ասաց այս գործով տուժած մայրերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ անհնար է, որ երեխան առողջ ծնվեր, ապա ժամերի մեջ «մահանար» և դրանից մենակ Ռազմիկ Աբրահամյանը տեղյակ լիներ: «Դեպքեր կան, որ քույրը եկել, ցուցմունք է տվել և ասել՝ դե, ես ինչ անեմ, ինձ մահացած երեխա են տվել, ասել են՝ տար դիր սառնարանը, ես էլ տարել դրել եմ: Բայց հո դա այդպես չէ, ինքը շատ լավ էլ իմացել է, որ երեխան մահացած չէ, այլ տարել են, առանձնացրել, որ հետո Ռազմիկ Աբրահամյանը վաճառի: Այնպես որ, մեղադրյալների շրջանակը միանշանակ պետք է ընդլայնվի, և քննություն տարվի բոլորի վերաբերյալ»,-ընդգծեց Սարգսյանը:

Փաստաբանի համար առնվազն տարօրինակ է, թե ինչպես են նման աղմկոտ գործով այս պահին առկա մեղադրյալները ազատության մեջ, ինչպես է դատարանը Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ։ «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե քննիչը ինչ նյութեր է ներկայացրել դատարանին Աբրահամյանին կալանավորելու համար, արդյոք այդ միջնորդությունը եղել է հիմնավոր, միջնորդության հիմքում բավարար ապացույցներ դրվել են, թե ոչ: Ես պնդում եմ, որ հնարավոր էր շատ հիմնավոր, փաստարկված միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի միջնորդությունը չմերժվեր: Մենք այս մասով տեղեկություն չունենք, բայց ակնհայտ է, որ նման գործով մեղադրյալները չեն կարող մնալ ազատության մեջ՝ հաշվի առնելով նրանց կապերը, ազդեցության աստիճանը: Մենք շատ լավ գիտենք, հրապարակային փաստերից էլ ակնհայտ է, որ Ռազմիկ Աբրահամյանը լավ կապեր ունի, կարող է ազդել քննության վրա, գործով անցնող վկաների վրա, իր աշխատակիցների վրա: Նա կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքը: Նույնն էլ վերաբերում է մանկատան տնօրենին: Նրանց որևէ մեկի լիազորությունները դադարեցված չեն, որևէ արգելք, սահմանափակում չունեն և կարող են շատ հանգիստ, անարգել հանցագործության հետքերը թաքցնել: Իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ ինչ գործարք են արել, ինչպես են արել և կարող են իրենց դեմ հավանական ցուցմունք տվողներին համոզել հետ կանգնել այդ մտքից:

Իրենք շատ հանգիստ կարող են այս ժամանակահատվածում ապահովագրել իրենց՝ վերացնելով բազմաթիվ ապացույցներ»,- ասաց փաստաբանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է հնարավոր, երբ 6000 դրամ գողացած կնոջը կալանավորել էին, և վճռաբեկը հազիվ արդարացրեց բազմազավակ մորը, բայց այս հնչեղ գործով առանցքային մեղադրյալները ազատության մեջ են. «Հիմա հարց՝ Ռազմիկ Աբրահամյանն ու մանկատան տնօրենն են ավելի վտանգավոր, թե 6000 դրամ գողացած կինը կամ, ասենք, մի հեռախոս գողացող, որը ամիսներով նախնական կալանքի տակ է գտնվում»:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ այս պահին իրենց ձեռքի տակ 100-ից ավելի գործեր կան, որոնք բոլորը վերաբերում են երեխաների հնարավոր անհետացմանը, վաճառքին, բոլորն էլ Հանրապետական ծննդատան հետ կապված: Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ նման ոչ մի դեպք չի բացահայտվել: Շատ դեպքերում, այո, ծնողները չեն դիմել իրավապահներին, որ աղմուկ չբարձրանա, բայց հիմնական դեպքերում դիմում եղել է, քրեական գործ հարուցվել է, բայց որևէ քննչական գործողություն չի իրականացվել դեպքը բացահայտելու համար: Իսկ եղել են դեպքեր, երբ քննիչը տուժողին հայտարարել է, որ վերևներից այլևս թույլ չեն տալիս գործը քննել, և այն պետք է փակել: Այս ամենը փաստաբանին հիմք է տալիս եզրակացնելու, որ երեխաների վաճառքի, ապօրինի որդեգրման շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններում է։ «Միանշանակ է, որ շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններն են: Ինչպես եք պատկերացնում, որ տարիներ շարունակ հանրապետությունում տեղի է ունեցել ծնողներից երեխաների խլում, երեխաների վաճառք, երեխաների օրգանների վաճառք առանց իրավապահ մարմինների հովանավորչության: Եթե այդ հովանավորչությունը չլիներ, որևէ դեպքով հնարավոր կլիներ հետքի վրա դուրս գալ: Ծնողներ կան, որ բարձրաձայնում եմ 1985-88 թվականի դեպքեր: Ռազմիկ Աբրահամյանը 75 թվականից նշանակվել է այդ պաշտոնում, և մասսայական դեպքերը սկսել են, ոնց կարող էր իրավապահների աչքից դա վրիպեր: Էլ չեմ ասում՝ Ազգային անվտանգության ծառայության աչքից: Ուրեմն այդ մարմինները կամ հանցակից են կատարվածին, կամ պարզապես տեղում չեն եղել: Փաստացի, ՀՀ-ն Ազգային անվտանգության մարմին չի ունեցել, եթե հնարավոր է 30-35 տարի շարունակ երեխա վաճառել և չբռնվել»,-եզրափակեց փաստաբանը:

Սուսաննա Սարգսյանը իրավացիորեն նշեց, որ դեպքերը շատ վաղուցվա են և աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս: