Դրամատիկ զգայնությունից մինչև հրճվալից փայլարձակումներ՝ «Տաղարանի» համերգին – Լուսանկարներ

- in Մշակույթ

2019-ի տարեվերջյան համերգներից մեկը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանը նվիրեց բարոկկո երաժշտության ընտրանուց քաղված գոհարների ներկայացմանը: Բախի, Պերգոլեզիի, Հենդելի, Ստրադելլայի, Բալբաստերի, Վիվալդիի, Կաչինիի, Ջիորդանիի մեծածավալ ստեղծագործություններից առնված առանձին մասեր էին կամ ծավալով փոքր, բայց պարունակությամբ խորքային՝ անկեղծ հույզի, սպասման, խնդիրքի, հիացման, հրճվության, ցնծության, վշտի զգացողությունը հաղորդող. ամեն մեկն՝ իր ուրույն աշխարհն ու պատմությունը բերող, յուրովի կերպով ասվող խոսք էր՝ երգեցողությամբ՝ երաժշտականորեն գերազանց հղացված:

Եվ այս գոհարեղեն հղացումները մի երեկոյի ընթացքում ձայնային բազմազանության նրբերանգներով, հոգեբանական խորքայնության հաղորդմամբ ներկայացրին «Տաղարանի» մեներգչուհիներ Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը և հրավիրյալ երգչուհի Մարիաննա Ավետիսյանը: Սոպանոների այս բույլն իր երգեցողությամբ՝ երաժշտախմբի նրբազգաց նվագով համադրված, ստեղծեց մի միջավայր, որտեղ առ Աստվածածին աղոթքն ու Մարիամական ցավն ու ինքնակեղեքումը մաքրագործող էր, որտեղ աշխարհական զգացմունքի բյուրեղացումը հոգեաշխարհի կատարելության մասին էր վկայում: Երգեցությունն այս ընդմիջվում էր Թերեզա Ոսկանյանի երգեհոնային մենանավագներով. Բախի «Խորալային պրելուդը» և Բալբաստերի «Երգեհոնի համար կոնցերտը»՝ հմուտ երգեհոնահարի կատարմամբ երկնառաք աղոթքներ էին, որ ասես յուրովի շարունակում-լրացնում, ամբողջացնում էին մինչ այդ ասված-հնչածը կամ նախերգն էին հետագա երաժշտական ոգորումների: Ստրադելլայի՝ Աստվածամորն ուղղված հոգեմուխ երաժշտական ընծայումը և Կաչինիի Մայրամաձոնը՝ Մարիաննա Ավետիսյանի կատարմամբ (նուրբ զգացողությամբ, երաժշտական երկի մտահղացման քնքշաթույր երանգներով զգացմունքը հաղորդելու ունակությամբ) հոգևոր նվիրումներից երկուսն էին, որոնց հաջորդեցին Պերգլեզիի «Ստաբաթ Մատերից» ընտրված հատվածների նույնքան զգայական-դրամատիկ-նվիրաբերման անկեղծությամբ համակուն կատարումները՝ նախ՝ Լուսինե Մարկոսյանի մեներգով ապա՝ Լուսինե Մարկոսյան – Գալիան Ցոլակյան երգչական երկյակի մատուցմամբ:

Հենդելյան հզոր արվեստից պատառիկներն անգամ խոսեցին այդ մեծազոր արվեստի ուժի և ազդեցության մասին: Հենդելյան երկերը մենակատարումներով ներկայացրեցին երեք երգչուհիները՝ յուրաքանչյուրը՝ ոչ միայն իրենց ձայների յուրահատկությունների ցուցադրմամբ, այլև մեկնության իրենց տեսանկյունը ունենալով:

Եվ մինչ ընթանում էր համերգը՝ սկսյալ Ստրադելլայի PIETA,SIGNORE-ից, մինչև համերգի ավարտը՝ Պերգոլեզիի Մարիամական հոգեբխումները, ես գրեցի տողեր, որոնք, կհորդորեմ, ընթերցեք՝ որպես աղոթք, որպես մարդկային ինքնաբուխ հույզի արտահայտություն, իբրև տաղարանական արվեստի խորը ներազդեցության արդյունք. դա հոգեհոսք է՝ ծնյալ և հաղորդվող արվեստի մի տեսակից մյուսը, սա «Տաղարանի» արվեստի խոսուն գնահատանքն է.

PIETA, SIGNORE

\կամ բանաստեղծութուն՝ գրված ՝ «Տաղարանի» համերգի ընթացքում\

Սրտապնդիր ինձ մինչև վերանալ,
Որ վերադարձիդ բեկված չգտնես,
Փնտրումդ իզուր չլինի, անցավ,
Ողջությամբ կենամ իմ մենության մեջ:

Սրտապնդիր ինձ հայացքիդ ուժով,
Առանց խոսքերի խաբկանք-զորության,
Վերջին ընթրիքի գաղտնի խորհրդով,
Ոտնլվայի խորն խոնարհությամբ:

Սիրտս ցնծության հունչով ողողիր,
Որ վերհառնմանդ, դարձիդ հավատամ,
Տեսնել և զգալ այն անկարելին,
Ինչը ըղձալից մտքով ցանկացա…

Սրտապնդիր ինձ մինչև վերանալ,
Որ վերադարձիդ չգտնես բեկված,
Հավատաքննիչ արար թե լինի,
Բեկորումներս լինեն աննկատ…

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 4 человека, в том числе Седрак Ерканян, в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди стоят, обувь и в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Kristina Chtchyan, люди на сцене, люди стоят, люди играют на музыкальных инструментах, костюм и в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Kristina Chtchyan, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди улыбаются, в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Kristina Chtchyan, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Kristina Chtchyan, люди играют на музыкальных инструментах и в помещении

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments