Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված մեքենաների մասին ամբողջ տեղեկատվությունը բաց և հասանելի է: Եվ այդ գործընթացում կոռուպցիա չկա, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Մեզ հայտնի է, թե ովքեր են տվել նվիրատվություններ և հայտնի է, թե ինչ թույլտվությունների են տիրապետում այդ կազմակերպությունները: Եվ մենք կարող ենք միասին համեմատել և ընդամենը մեկ հարցի պատասխանել՝ այդ ընկերությունները կստանայի՞ն այդ թույլտվությունները, եթե նվերներ չտային: Ես կարծում եմ՝ այո, այդ ընկերությունները կստանային թույլտվություններ, ինչպես ստացել են ուրիշ այլ ընկերություններ՝ առանց նվերներ տալու, քանի որ նրանց պահանջն օրինական է եղել»,- ասաց Նազարյանը:

Կոռուպցիոն գործարք, ինչպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորներն են նշում, ըստ Լենա Նազարյանի, կարելի է համարել այն գործարքները, երբ մեքենաների նվիրաբերումը տեղի է ունեցել անօրինական թույլտվության դիմաց: «Անօրինական թույլտվություններ չեն եղել, ես համենայնդեպս չգտա որևէ ապացույց: Եվ եթե կա կասկած, որ այդ նվիրատվությունները կամավոր չեն, այսինքն՝ շանտաժի միջոցով են տրվել, ապա դուք գիտեք այդ ընկերությունների տեղը, գնացեք և խոսեք: Ձեր բարձրացրած այս աղմուկն անտեղի է: Ես հասկանում եմ՝ դժվար է լինել ընդդիմություն մի կառավարող ուժի համար, որը շատ թափանցիկ է գործում և ցանկացած տեղեկություն հասանելի է դարձնում հանրությանը»,- հավելեց Լենա Նազարյանը:

Նա հիշեցրեց, որ 2017 թվականին ինքն ու Արայիկ Հարությունյանը դիմել էին «Երևան» հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել նվիրատուներից ցանկը, բայց մերժում էին ստացել: Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը, և ԱԱԾ-ն առգրավեց Երևան հիմնադրամի փաստաթղթերը: Հիմնադրամը փակվեց, և մինչև հիմա էլ այդ փաստաթղթերն, ըստ Լենա Նազարյանի, հանրայնացված չեն:

«Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք նվիրատվությունների խնդրի մասին, խնդրականացնում էինք ոչ թե բուն նվիրատվությունները, այլ նվիրատվության գաղտնիությունը և դրա դիմաց ինչ-որ հնարավոր բան ստանալու փոխկապակցվածությունը: Մենք չունեինք տեղեկատվություն՝ հասկանալու համար, թե ովքեր էին ստացել նվիրատվություններ: Հետո չունեինք տեղեկություններ՝ հասկանալու համար, թե այդ նվիրատվություններին արդյոք հաջորդել և նախորդել են որևէ արտոնություններ: Իսկ այս դեպքում տեղեկատվությունը բաց ու հասանելի է»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...