Թե՞ կառավարությունը բացասական արձագանքներ է ստացել իրավական համակարգից

- in Կարծիք
vostikanner

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինգածին, որով կառավարությունը ստանում էր ԱԱԾ և ոստիկանության պետերին այսպես ասած համակարգից դուրս կադրերից նշանակելու հնարավորություն:

Հետաքրքիրն այն է, որ օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր և այդ ժամանակ ստացել մեծամասնության հավանությունը, իսկ երկրորդ ընթերցմանն ընդառաջ փաստորեն ստանում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի բացասական գնահատականը: Ինչո՞վ է պայմանավորված մեծամասնության շրջադարձը:

Կառավարող մեծամասնությունը հրաժարվո՞ւմ է ԱԱԾ և ոստիկանության պետերին քաղաքական հարթությունից նշանակելու մտադրությունից, թե՞ կան հարցեր, որոնք գտնվում են նույն մեծամասնության տարբեր խմբերի փոխհարաբերության տիրույթում, կամ հարցը վերաբերում է մեծամասնության՝ Լուսավոր Հայաստանի հանդեպ վերաբերմունքին: Մասնավորապես, նախօրեին պետաիրավական հարցերի նույն հանձնաժոովում Լուսավոր Հայաստանը դեմ է արտահայտվել ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրինագծին, որ ներկայացնում է կառավարությունը:

Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծին դեմ քվեարկելը մեծամասնության պատասխանն է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների մասին օրենքին «Լուսավոր Հայաստան»-ի մոտեցմանը: Թե՞ կառավարությունը բացասական արձագանքներ է ստացել իրավական համակարգից, մասնավորապես ԱԱԾ-ից և ոստիկանությունից, քաղաքական ղեկավարներ ունենալու հեռանկարից դժգոհության տեսքով և որոշել է զերծ մնալ այդ համակարգերի հետ կոնֆլիկտի տանող քաղաքական գործընթացից:

Չի բացառվում ընդհուպ այն, որ այդ կառույցներում տեղեկություններ են եղել շատ կոնկրետ գործիչների նշանակման հնարավորության առնչությամբ, ինչն էլ առաջացրել է ավելի մեծ դժգոհություն: Միևնույն ժամանակ, նույն համատեքստում պետք չէ բացառել և այն, որ քաղաքական դեմքի նշանակման հարցը կառավարությունը դիտարկել է ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության որոշումների համատեքստում: Պետք է նկատել, որ Լուսավոր Հայաստանի օրինագիծը խորհրդարանում մեծամասնության հավանությանն առաջացավ ոստիկանապետի և ԱԱԾ պետի փոփոխության շրջանում, այդ օրերին փաստորեն շրջանառության մեջ դնելով քաղաքական ղեկավարի նշանակման հնարավորությունը: Պետք չէ բացառել, որ այդ համատեքստում կառավարությունը պարզապես զսպեց հեռացող ղեկավարների հնարավոր սաբոտաժային քայլեր, որ կարող էին կիրառվել համակարգում յուրային խմբերի միջոցով: Իհարկե պետք է սպասել, թե ի վերջո «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագիծը ինչ ամբողջական ճակատագիր կունենա և ինչպիսին կլինի խորհրդարանի մեծամասնության վերջնական որոշումը, հասկանալու համար, թե ինչ շարժառիթներ կան ներկայումս նշմարված փոփոխության խորքում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...