«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչ էին: Եթե նրանք ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչ լինեին, կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որպեսզի ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի: Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ, այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է իրեն, խնդրել է, ասել է՝ խոշոր ներդրողներ են: «Ես Երևանի քաղաքապետին զանգել եմ, քաղաքապետը կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, պարոն Ծառուկյանն ինձ ասել է՝ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են, ես հարգանքով վերաբերվելով՝ ասել եմ՝ թող ընդունեն: Երևանի քաղաքապետն արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաև իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցչություն»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով ու մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին:

«Երկրորդ, նրանք ի՞նչ են ուզել, ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում՝ բիզնես դնելու համար: Եվ Երևանի քաղաքապետն ասել է՝ ձեր նշած տարածքներով հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: Մասնավորը գուցե ունենա, պետք է գնել: Հընթացս պարզվել է՝ երեք հյուրերն էլ հեռախոս ունեն իրենց հետ, զանգ են ստացել, և երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, թե ինչ կարող են անել, սկզբում մեկն է հեռախոսը վերցրել, սկսել խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել իր խոսքը, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել, քաղաքապետն էլի ընդհատել է խոսակցությունը, բայց երբ արդեն երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետը ասել է՝ ես ենթադրում եմ էս խոսակցությունն արդեն հետաքրքիր չէ ձեզ, որովհետև անընդհատ խոսում եք, ես ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է արել»,- ասաց նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե մարդիկ կան, ովքեր թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վերաբերվեն և իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ ջինսով ու բոթասով պետք է մտնեն քաղաքապետին ասեն՝ «դու ըստեղից ընդեղ», այդ ժամակները վերջացել են:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...