Ժամանակին ստորագրում էին Չարենցի մահապատժի տակ. այսօր էլ կան կոշտ ռ-ով մտավորականներ

- in Մշակույթ
Armen Martirosyan

Հայաստանի շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում ապրող հայազգի մշակույթի գործիչները ստորագրահավաք են կազմակերպել, որով կոչ են անում ազատել 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սոցցանցերում հնչում են կես կատակ-կես լուրջ  առաջարկներ, որ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու համար էլ թող մի առանձին ստորագրահավաք կազմակերպեն այն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք Մարտի 1-ին, դրան նախորդած եւ հաջորդած ժամանակներում աչքի են ընկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, կանգնել են ոչ թե օրվա իշխանությունների, այլ՝ ժողովրդի կողքին։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե պե՞տք է կազմակերպել նման ստորագրահավաք։

«Ստորագրահավաքը տեղի է ունեցել 2018թ․ դեկտեմբերի 9-ին, երբ տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրությունները, եւ ընտրողներն  իրենց քվեն տվել են  այն ուժին, որին ընտրել են։ Մյուս կողմից՝ ստորագրահավաքի կարիք չկա։ Ստորագրահավաքները Սովետական միության  մնացուկներ են եւ հատկապես դրանք բնորոշ են գործ տվող «ինտելիգենտներին», որոնք ժամանակին ստորագրում էին Չարենցի մահապատժի տակ, Բակունցին սպանողներին էին աջակցում։ Նրանք այսօր էլ կան, միշտ էլ լինելու են։ Ուզում է՝ լինեն շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, թե կոշտ ռ-ով մտավորականներ, նրանք այդ մարդիկ են, որոնք չեն գնահատում ազատությունը, արդարությունը, պետականությունը, սահմանադրությունը։ Եվ նրանք այն մարդիկ են, որոնց ֆոնին կարգին մարդիկ իսկապես երեւում են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...