Ի՞նչ է ստանում հանրությունը հեռացող անձանց փոխարեն

- in Կարծիք

Պետությունը ձեռք է մեկնում ՍԴ դատավորներին և օգնում պատվով հեռանալու, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խորհրդարանում ներկայացնելով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի արդեն հայտնի նախագիծը:

Դրանով, ինչպես հայտնի է, պետությունը առաջարկում է թոշակի տարիքից ավելի շուտ հրաժարական ներկայացնող դատավորներին վճարել նրանց աշխատավարձը ամբողջությամբ՝ մինչև թոշակի տարիք: Այլ կերպ ասած, առաջարկվում է կամովին հրաժարական, դրա դիմաց խոստանալով աշխատավարձի պահպանում մինչև թոշակի տարիք:

Իհարկե, կա պայման, որ հրաժարականը լինի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Թե ինչ է անելու կառավարությունը դա չլինելու դեպքում, պարզ չէ: Պարզ է մի բան, որ ըստ էության առաջարկվում է պետական մակարդակի կաշառք՝ հրաժարականի դիմաց: Իհարկե, ֆորմալ առումով դա այդպես չէ, սակայն մեխանիզմի էությունն այլ բան չէ, քան դա, հաշվի առնելով մի պարզ իրողություն՝ մինչ այդ եղել է այդ դատավորների հանդեպ հրաժարականի հանրային պահանջ և մթնոլորտ, ու նրանք կամ դեմ են արտահայտվել, կամ առնվազն լռել են: Եվ հիմա, երբ առաջարկվում է փող, այն էլ կայուն բարձր աշխատավարձի ձևով՝ ոչինչ չանելու, միայն հրաժարականի դիմաց, դրան համաձայնելը կնշականի ընդամենը հրապարակավ ստանձնել այդ մերկանտիլ անպատվությունը:

Կգնա՞ դրան որևէ դատավոր, իհարկե, բարդ է ասել, անմեկնելի են ոչ միայն Աստծո, այլ նաև նրա ստեղծած մարդու ճանապարհները: Ամբողջ հարցն այն է, թե ինչ ճանապարհով է գնում պետությունը Հայաստանում հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգի վերափոխում իրականացնելու հարցում:

Փաստորեն ստեղծվում է հետաքրքիր նախադեպ՝ հարցերը լուծել փողով, այն էլ հարկատուների հաշվին: Բայց լայն իմաստով հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հանրությունից փաստորեն փող է «գանձվում» հրաժարականի գայթակղիչ խայծ կերտելու համար, միաժամանակ, դրա դիմաց հանրությունը չի ստանում դատաիրավական ռեֆորմի որևէ շոշափելի, առարկայական ինստիտուցիոնալ կոնցեպտ: Ամբողջը հանգում է ընդամենը մի քանի անձի հեռացման խնդրին, որոնց, բնականաբար, կփոխարինեն մի քանի նոր անձինք՝ արդեն նոր մեծամասնության հավանությունը վայելող: Ասել կուզի, հանրությունը նույնիսկ ամբողջությամբ չի ստանում հարցի պատասխանը, թե ինչու պետք է գնան կոնկրետ անձինք: Այն, որ նրանք պետք է գնան, որովհետև նախկին իշխող համակարգից և մինչև հիմա կապված են, դա, մեղմ ասած, մասնակի պատասխան է: Որովհետև, վերջին հաշվով, ռազմավարական հեռանկարում պետք է հասկանալ, թե ինչ ենք կառուցում:

Ի վերջո, վարչապետն ինքը ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկմանը հայտարարեց, որ անցումային փուլն ավարտված է և պետք է ձեռնամուխ լինել ռազմավարական մշակումներին: Հետևաբար, այն, որ ՍԴ որոշ դատավորներ կամ նախագահը նախկինից են, այլևս չի կարող համարվել բավարար պատասխան, այն բավարար կարող էր լինել այսպես ասած՝ անցումային փուլի համար, ընդ որում՝ խիստ մասնակի և վերապահումով: Ներկայումս պետք է շատ հստակ լինի, թե ինչ է ստանում հանրությունը հեռացող անձանց փոխարեն, կամ պոտենցիալ հեռացող անձանց՝ բացի պոտենցիալ նոր եկող անձանցից: Առայժմ հանրությունը չի ստացել այդպիսի առաջարկ կամ նախագիծ, պատկեր, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ են սպասվում դրանից հետո:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...