Ինչի՞ մասին է աղմուկը. Հաստատ ոչ Արցախի, ոչ Հայաստանի անվտանգության կամ շահերի

- in Հրապարակ

Արցախյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը, որ նախօրեին ներկայացրել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ հետո ԵԱՀԿ նախարարական համաժողովում ունեցած ելույթով բարձրաձայնել այդ երկրի արտգործնախարար Մամեդյարովը, Հայաստանի մի շարք քաղաքական և փորձագիտական շրջանակներ ներկայացրել են իբրև Հայաստանին տրված վերջնագիր, իբրև բանակցությունից Բաքվի հրաժարման վկայություն:

Այդ ամենն էլ հանրությանը մատուցվում է համատեքստում, թե Բաքվի կարծր դիրքորոշումը Երևանի դիվանագիտական սխալների, վրիպումների և այլնի հետևանք է: Իսկ ի՞նչ է ասել Ադրբեջանը: Ադրբեջանը ասել է այն, ինչ գործնականում անում է առնվազն Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից հետո: Մասնավորապես, Ադրբեջանը տարածքներ է պահանջում, փախստականների վերադարձ այդ տարածքներ, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» և այդօրինակ այլ ասպեկտներ: Մի բան, որը, կրկնենք, Բաքուն անում է սկսած առնվազն Իլհամ Ալիևի նախագահությունից: Ադրբեջանը գործնականում երբեք չի խոսել մեկ աստիճան պակասի մասին: Ավելին, ամենավերջին, այսպես ասած, կարգավորման փաստաթղթերում, ինչպես, օրինակ, Կազանյան պլան կոչվածը, ամրագրված են եղել հենց Բաքվի այդ մոտեցումները: Այն էլ ոչ թե անանուն աղբյուրների փոխանցմամբ, այլ հենց այդ պլանը ստորագրելու պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի խոստովանությամբ:

Եվ ուրեմն ինչի՞ մասին է աղմուկը: Հաստատ ոչ Արցախի, ոչ Հայաստանի անվտանգության կամ շահերի: Աղմուկը, ինչպես միշտ, նոր իշխանության հետ հնի, այսպես ասած, հաշիվ մաքրելու մասին է, որի առիթների առաջ նախկին իշխող համակարգը չի կանգնում որևէ թեմայի պարագայում: Իհարկե, նոր ու հին իշխանության միջև քաղաքական պայքարի և հարաբերությունների հարցը անխուսափելի է դարձնում նաև այնպիսի թեմաների շրջանառումը, ինչպիսին, օրինակ, հայկական պետականության համար կարևորագույն հարցը՝ Արցախը: Մյուս կողմից, իհարկե կարևոր է, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական հարաբերությունների օրակարգում գերակշռեն հենց այդօրինակ հարցերը: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տրամաբանությամբ, ինչ շեշտադրումներով և մոտիվներով: Այստեղ է, որ մենք ականատես ենք շարունակվող մանիպուլյացիաների գերակշռմանը, արդեն ավելի քան քառորդ դար: Ի վիճակի է Հայաստանի հանրությունը դուրս գալ դրանից:

Ակնառու է, որ քաղաքական միավորները դա թույլ չեն տալու, որովհետև նրանք այլևս ի վիճակի չեն Արցախի հարցում, և ընդհանրապես պետականության համար առանցքային հարցերում մտածել այլ կերպ: Ինչի է ընդունակ այդ հարցում հանրությունը: Սա լրջագույն հարց է, որի պատասխանն էական նշանակություն ունի Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման համար: Մի կողմից այն իմաստով, որ այդ համակարգի կենսունակության համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչի կամ ում հետ գործ ունենք Ադրբեջանի պարագայում՝ ոչ իբրև պետություն, այլ իբրև աշխարհաքաղաքական օբյեկտ, որն առաջիկա տասնամյակներում գտնվելու է ուժային կենտրոնների տրանսֆորմացիոն պլանների, այսպես ասած, թոփ տասնյակում, և մյուս կողմից այն իմաստով, որ արցախյան հարցը հայկական պետականության և անվտանգության ապագայի անբեկանելի և անփոխարինելի հենարանն է: Իսկ դա պարզ տրամաբանությամբ նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտը չի կարող չհենվել հայկական պետականության ու անվտանգության առանցքի վրա, և միաժամանակ էլ չի կարող այդ առանցքի վրա հենվել մանիպուլյատիվ մտածողության գերակշռումով:

Այդպիսով, հետհեղափոխական Հայաստանում քաղաքական արդիականացման բաժանարար գիծը ներկայումս անցնում է արցախյան հարցով և դրանում դիրքորոշումների ու մտածողության որակով ու բովանդակությամբ: Այստեղ առայժմ մխիթարական քիչ բան կա: Եվ մտահոգիչը դա է, ոչ թե Ադրբեջանի հանրահայտ դիրքորոշումների շուրջ մոգոնումները: Որովհետև հայկական կողմի խնդիրը շատ պարզ է վաղուց՝ պահել հաղթանակի արդյունքը, որպես անվտանգության նվազագույն սահման:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...