Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով օրերս շվեդական կայքերից մեկում տեղի ունեցած բացահայտմանը՝ Հայաստանի դեմ գրոհի թուրքական ռազմական պլանի մասին, ասել է, որ դրա առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից, ինչը, սակայն, բացակայում է:

Հայաստանի դեմ թուրքական գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին օրերս հայտնեց շվեդական ինտերնետ ռեսուրսներից մեկը, ըստ որի՝ այդ պլանը գոյություն է ունեցել 2001 թվականից: Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը՝ շրջափակումից սկսած, ինքնին սպառնալիքի պարզորոշ վկայություն է: Այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է մի քաղաքականություն, որը պարունակում է բավականին բաց ագրեսիա, և այստեղ ռազմական գաղտնի պլանի առկայությունն ընդամենը գալիս է հավաստելու այն, ինչ գործնականում գաղտնի չէ վաղուց, կամ պարզապես գաղտնի չի եղել երբեք:

Այդ իմաստով, Հայաստանի արտգործնախարարը, անշուշտ, իրավացի է, որ պետք է առաջին արձագանքը գա Թուրքիայից, որը երևի թե պետք է փորձի հերքել, թե Հայաստանի դեմ գրոհային պլաններ ունի կամ ունեցել է երբևէ: Մյուս կողմից, այստեղ էլ, թերևս, ամեն ինչ պարզ է՝ ի՞նչը հերքի Անկարան, կամ ո՞վ է հավատալու կամ վստահելու այդ հերքումներին: Ընդհանրապես, այդ առումով հայ-թուրքական հարաբերության մեխանիկան ըստ երևույթին պահանջում է հայկական կողմում մի բավականին հստակ ու միարժեք արձանագրում՝ անկախ ամեն ինչից: Ինչպիսին էլ լինի Թուրքիայի հրապարակային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եթե անգամ Անկարան ևս՝ ինչպես Երևանը, գնա առանց նախապայմանի հարաբերության հաստատման, սահմանները բացելու, եթե Անկարան դադարի բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումը, միևնույն է, Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունում երբեք չպետք է դադարի առաջնորդվել այդ հարվածային պլանի առկայության կանխավարկածով:

Հետևաբար, Թուրքիայի հարաբերության որևէ «դիսպոզիցիայով» Հայաստանի Հանրապետությունը պետք է մշտապես ունենա ռազմական հարվածի կանխարգելման սցենարային բազմազանություն, կանխարգելման գործիքների դիվերսիֆիկացիա, անգամ հույսը չդնելով միայն Ռուսաստանի վրա: Ի վերջո, այստեղ էլ կա բավականին հետաքրքիր հանգամանք: Թուրքիայից չկա գաղտնի պլանի առկայության մասին արձագանք: Բայց, թերևս, շատ կարևոր է նաև «երրորդ կողմի» արձագանքը, առավել ևս, որ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունում մի շարք օբյեկտիվ պատճառներով ուղղակիորեն չի կարող լինել երրորդ կողմ: Եվ ուրեմն, Թուրքիայից հետո երկրորդ ուղղությունը, որտեղից արձագանքը խիստ հետաքրքիր ու հատկանշական կարող է լինել, դա Ռուսաստանն է, որը Գյումրիում ռազմակայան ունի հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր այս կողմ, և որի կրակային հզորությունը կրկնապատկելու մասին շաբաթներ առաջ Երևանում հայտարարվեց ՌԴ պաշտպանության նախարարի այցի ընթացքում:

Բանն այն է, որ ռուսական կողմն այդօրինակ հայտարարություններում երբեք, գործնականում երբեք չի խոսում հասցեական, թե ինչի դեմ է կրկնապատկում այդ հզորությունը, ինչ վտանգ է կանխում այդ ռազմակայանն ընդհանրապես, որն է դրա առաքելությունը: Թե ինչու է Մոսկվան համառորեն հրաժարվում հասցեականացնել Հայաստանի համար թուրքական վտանգը, այդքան էլ զարմանալի չէ և առնչվում է արդեն ռուս-թուրքական հարաբերության բնույթին, որտեղ առանցքային դեր ունի, ի դեպ, 1931 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որը, մեղմ ասած, հայության հաշվին կնքված պայմանագիր է: Ռուսաստանը տարբեր քողարկված ձևերով խաղարկում է թուրքական վտանգը հայկական հանրության զգացմունքներն ու տրամադրությունը կառավարելու համար, բայց գործնականում երբեք չի «տալիս դրա անունը»: Կպահպանի՞ այդ «սուրբ» լռությունը Մոսկվան նաև այս անգամ, երբ Թուրքիայի լռության ներքո գաղտնազերծվում է Հայաստանի դեմ հարվածային ռազմական պլանը, և թերևս պետք է վստահ լինել՝ ամենևին ոչ միակ պլանը: Թե գաղտնազերծված պլանը կդառնա ռուս-թուրքական հարաբերության տիրույթում սակարկության առարկա, որպես քաղաքական գործոն, և սակարկության արդյունքից կախված կլինի, թե ինչպիսի արձագանք կլինի Մոսկվայից, կամ կլինի՞ արդյոք ընդհանրապես:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...