Ինքը Սաշիկի մենեջերն էր, ում հովանավորած գյուղապետը խլել է քաղաքացու վարձակալած հողը

- in Սոցիալական
Sashik Sargsyan

Արմեն Կարագյոզյանը պատմում է, թե ինչպիսի անարդարությունների է բախվել, երբ վերջին տարիներին ընդամենը զբաղվել է հողագործությամբ։

Մեր զրուցակիցը Սյունիքի մարզի Սիսիանի շրջանից է. «Ես 25 տարով 50 հա վարձակալած հող ունեի Նորավան համայնքում, 2001 թվականից մինչև 2013 թվականը զբաղվել եմ դրա մշակությամբ՝ առանց որևէ խոչընդոտի։ 2012թ․ իմ որդին՝ Դավիթը, ժամկետային զինծառայության ընթացքում ստացավ հաշմանդամություն։ Մեր ողջ գումարը ծախսվեց իմ որդուն բուժելու համար։ Ես այդ ամբողջ ընթացքում զբաղվել եմ իմ որդուն բուժելու հարցերով, սակայն դա մինչ օրս չի օգնել։ Այդ ընթացքում ես եղել եմ նաև Ռուսաստանում։ Հետո վերադարձել եմ, տեսել եմ, որ իմ հողը մշակած է։ Պարզվեց, որ գյուղապետն է մշակել։ Դա 2013 թվականին էր։ Գյուղապետը՝ Լավրենտի Առաքելյանը, վայելում էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հովանավորությունը, իր ներկայացուցիչն էր համայնքում։ Նա անասուն-մանասուն էր առնում, ուղարկում Պարսկաստան։ Երբ դիմեցի իրեն, ասաց՝ լավ եմ անում, էս հողը ես պետք է մշակեմ։ Ինքն այստեղ Սաշիկի մենեջերն էր»։
Հետագայում նա դիմում է ոստիկանություն, նոր գյուղապետին, որ վարչական վարույթ հարուցի, քանի որ վարչական իրավախախտում էր տեղի ունեցել։

«Հանձնաժողով ստեղծվեց, ճշտեցին, կանչեցին Լավրենտի Առաքելյանին, բոլորն էլ տեսան, որ ինքն անօրինական գործողություններ է անում։ Ինքը նորից սպառնաց, ասաց՝ լավ եմ անում, ինչ ուզենամ՝ կանեմ։ Ամեն դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմեցին հանձնաժողովականները։ Վարչական վարույթի նյութերը ձեռքիս՝ գնացի, դիմեցի Սիսիանի վարչական դատարան, որ հողն ազատեն: Դատարանն ակնհայտ ապօրինի վճիռներ է կայացնում, դատաքննության ընթացքում տված իմ ցուցմունքները 15-16 անգամ խեղաթյուրում է։ Ակնհայտ սուտ ցուցմունքներ են ներկայացնում, որ իբր իմ համաձայնությամբ է այդ գյուղապետը հողը մշակել, վարչական վարույթի նյութերն էլ գործին չեն կցվում։ Ես հասկացա, որ դատավորի՝ Իգնատ Բեգլարյանի վրա էլ կան ճնշումներ, հակառակ դեպքում նա չէր կեղծի քաղաքացու ցուցմունքները։ Ես պահանջեցի սղագրությունը, չտվեցին։ Պատասխանող Լավրենտի Առաքելյանը դատարանում հայտարարեց, որ ինքն ու ես իբր համաձայնել ենք, որ հողի կեսը պետք է ինքը մշակի։ Ես ասացի՝ պարոն դատավո՛ր, նման բան չի եղել, տեղի է ունեցել անօրինականություն։ Վկաներին են կանչում, նրանց եմ հարց ուղղում, դատավորը հարցը հանում է»,- 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած դատավարության մանրամասները հիշեց Արմեն Կարագյոզյանը։

Քաղաքացին այնուհետև դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան, նա էլ բեկանում է, որովհետև, իր ասելով, գործը փնթի էր։ Վերաքննիչ դատարանն էլ բեկանում է գործը, ուղարկում Գորիսի դատարան վնասների փոխհատուցման համար։ Գորիսի դատարանն էլ, ըստ նրա, ավելի վատ վճիռ է կայացրել՝ գտնելով, որ հողը զավթված է, պետք է վերադարձնել, սակայն վնասների փոխհատուցման հարց չի քննել։

«Սիսիանի դատարանում ես Լավրենտի Առաքելյանին հարցրի՝ ե՞րբ և որտե՞ղ ենք պայմանավորվել հողը մշակելու համար, չի պատասխանում։ Դատավորը հարցրեց, թե որ թվականից է մշակում, նա պատասխանեց՝ 2015թ․ գարնանը զանգեց, ասաց, որ չմշակեմ։ Դրանից հետո չթողեցին, որ ինքը դատերին մասնակցի, որպեսզի իրենց նախօրոք գծած դատը չտապալվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա պատմում է, որ ինքը յոթ կազմակերպություններին ներկայացրել է բոլոր փաստաթղթերը՝ ելակետային տվյալներով, ֆինանսական միջոցները։ Սակայն վնասի փոխհատուցում չեն տրամադրել։ Քաղաքացին դիմել է նաև Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանն էլ բողոքը չի ընդունել վարույթ։ Եվ քաղաքացին մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ պարտք է մնացել պետությանը դատը չշահելու համար։

«Վարչապետն ասում է՝ հպարտ քաղաքացիներ, բայց տեսեք, թե հպարտ քաղաքացուն ինչ օրն են գցում դատարաններում»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա դիմել է ԱԺ, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն պատասխանել են, որ իրենք չեն խառնվում դատական գործերին։ Իսկ datalex-ում, ըստ մեր զրուցակցի, տեղադրված են կեղծ վճիռներ, Վերաքննիչ դատարանում դատը տևել է մեկ րոպե երեսուն վայրկյան։ Բացի դրանից, մեր զրուցակցի ասելով, ոչ մի տեղ պատասխանող կողմին գնահատական տրված չէ՝ իրավաչա՞փ են իրենց գործողությունները, թե՞ ոչ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...