Իշխանությունը բաց է թողել ՏԻՄ ընտրությունը, շատ համայնքներում ընտրվել են թաքնված նախկինները

- in Ընտրություններ
Yntrutyun

Նախորդ կիրակի օրը Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք չարժանացան առանձնակի ուշադրության, հաշվի առնելով այն, որ չկային, այսպես ասած, ինտրիգային կետեր՝ խոշոր քաղաքներ, որոնք էլ սովորաբար ինտրիգ են հաղորդում այդ մակարդակի ընտրություններին:

ՏԻՄ ընտրությանը ուշադրություն դարձրեց նախկին իշխող համակարգը, տեղ տալով դրան իր քարոզչական տիրույթներում և արձանագրելով, որ իշխանությունը բաց է թողել ՏԻՄ ընտրությունը, իսկ որոշակի առումով էլ նույնիսկ պարտվել՝ առանձին տարածքներում զիջելով այլ ուժերի ներկայացուցիչների:

Հայաստանում ՏԻՄ ընտրության հիմքով քաղաքական գնահատական և դատողություն անելը, մեղմ ասած, հարաբերական և հակասական գործ է, այն պարզ պատճառով, որ Հայաստանում այդ մակարդակում ընտրությունը չի եղել քաղաքական, քաղաքական չէ և տեսանելի ապագայում, թերևս, չի էլ լինի: Դա մտածողության հարց է, որը փոխելու համար պետք է ժամանակ, բայց ոչ թե ինքնին լոկ ժամանակ, այլ նաև ժամանակ ավելի լայն մակարդակում քաղաքական արդիականացման, քաղաքական համակարգի կայացման համար:

Հայաստանում ՏԻՄ մակարդակում ընտրությունը քաղաքական մշակույթի դաշտ բերելու համար նախ պետք է համապետական մակարդակում ձևավորել այդ մշակույթը, դրա շուրջ գալ ընդհանուր կոնսենսուսային մի իրադրության, հետո այն տարածել և դրա շրջանակ ներառել նաև ՏԻՄ ընտրությունը: Իսկ քանի դեռ դա չկա, ՏԻՄ մակարդակում կատարվում է երկու բան, կամ կատարվել է երկուսը, հիմա մնացել է մեկը: Նախկին իշխող ամբողջատիրական համակարգը, բնականաբար, իր մեջ ներառում էր ՏԻՄ մակարդակի ընտրությունը և դնում իր տրամաբանությանն ու բնույթին համահունչ քաղաքական խնդիր՝ ՏԻՄ մակարդակում պետք է գերակշռի իշխանությունը, հակառակ դեպքում, բնականաբար, խախտվում է ամբողջատիրական համակարգի տրամաբանությունը: Դա ենթադրում է ուղղահայաց՝ վերից վար, առանց որի բուրգը երերում է ու փլվում:

Եթե լինում էին առանձին համայնքներ, որտեղ այդուհանդերձ կարող էր լինել մրցակցություն տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև, և համայնքապետ կարող էին լինել ոչ միայն ՀՀԿ-ականներ, այլ անկուսակցականներ, կամ ԲՀԿ-ականներ և ՀՅԴ-ականներ, ապա այդ մրցակցության վերաբերյալ նախապես հստակ պայմանավորվածություններ ու համաձայնություններ էին ձեռք բերվում այդ ուժերի վերին մակարդակում, որպեսզի մրցակցությունը դույզն իսկ դուրս չգա նախատեսված մրցանակից և չլինի անկառավարելիության անգամ փոքր-ինչ ռիսկի ներքո: Մյուս հանգամանքը տեղային մակարդակում մտածողությունն էր, որով ձևավորվում էր ՏԻՄ կառավարման համակարգը: Վերևում նախապես սահմանվում էր «քաղաքական» նպատակն ու խաղի շրջանակը, կանոնակարգը, իսկ տեղում արդեն սահմանված այդ շրջանակների տիրույթում գործում էր այդ մտածողությունը՝ համայնքի ղեկավար դառնալու լավագույն շանսը ուներ նա, ով ուներ առավել մեծ թվով հարազատներ, ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, և տեղային նշանակության զգայական այլ գործոններ, որոնք միանգամայն բնորոշ են համայնքային կյանքի ընդհանրապես և միանգամայն տրամաբանական ու օբյեկտիվ, եթե երկրում չկա արդիական քաղաքական մշակույթ և մրցակցություն, դրա աստիճանակարգում:

Հեղափոխությունից հետո մի իրավիճակ է, երբ առաջին հանգամանքը չկա: Իշխանությունը չի դնում «քաղաքական» նպատակ՝ ամեն գնով վերցնել ՏԻՄ մակարդակը: Այդ նպատակը չի դրվում գուցե տարբեր պատճառներով, բայց առանցքայինը թերևս այն է, որ այդպիսի նպատակ դնելու պարագայում դա բերելու է հանրության այդ շերտերի վրա որոշակի հոգեբանական ճնշման, ինչի «էֆեկտը» իշխանության համար լինելու է հակառակը: Այդ իմաստով, քաղաքական կառավարող մեծամասնության վարքագիծը ողջունելի է և դա ոչ թե պարտություն է, այլ որոշակի ձեռքբերում՝ վարքագծային իմաստով, որը պետք է իրավիճակային վարքագծից վերածել ավանդույթի և մշակույթի: Իհարկե, այստեղ շատ կարևոր է, թե ինչպես կստացվի համապետական մակարդակում քաղաքական արդիականացման գործը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments