Իշխող ուժի համար հարմարավետ վիճակ է ստեղծվել. մնացել է լուծել մի խնդիր

- in Հրապարակ

Որն է լինելու Հայաստանում առանցքային ընդդիմադիր ուժը, երբ կգա խորհրդարանի հաջորդ ընտրության ժամանակը: Հայաստանում այդ հարցի պատասխանը չի նշմարվում, փոխարենն աստիճանաբար շատ բաց բնույթ է ստանում պատասխանը գտնելու պայքարը, որ ծավալվում է տարբեր ուժերի շրջանում՝ թե խորհրարանական, թե արտախորհրդարանական, թե նախկին իշխող համակարգի ուժերի միջեւ:

Պայքարի առանցքում դրված է նոր իշխանության դեմ քարոզչությունը: Սակայն, դրանից բացի, ընդդիմության առանցքային ուժի համար պայքարի մասնակիցները քարոզչությամբ թիրախավորում են նաեւ իրար, պարզապես ոչ բոլոր դեպքերում է այդ քարոզչությունը բաց: Բաց է, երբ խոսքը վերաբերում է նախկին իշխող համակարգի եւ թավշյա հեղափոխությունից առաջ որպես ընդդիմություն դիրքավորված ուժերի մասին: Իսկ երբ խոսքը հենց այդ համակարգի տարբեր թեւերի մասին է, այստեղ իհարկե միմյանց քարոզչական թիրախավորումը չափազանց նուրբ է, գրեթե աննշմար:
Դրանից սակայն ներքին լարումը ամենեւին նվազ չէ: Ավելին, այդ համակարգում թերեւս բավական ռացիոնալ կերպով դիտարկում են, որ շատ ավելի լուրջ մրցակից են միմյանց, քան որեւէ «արտաքին» այլ ուժ է իրենց մրցակից:

Ներկայում սակայն նրանք լուծում են այս պահի իրենց հիմնական հարցը՝ մաշել իրենց եւ իշխանության արանքում ընկած ուժերին: Այդ առումով նրանցից առանձնապես մեծ ջանք չի էլ պահանջվում, որովհետեւ ուժերը, որոնց պետք է մաշել, գործնականում արդեն մաշված են, համենայն դեպս քաղաքականություն վարելու այն մեթոդաբանության եւ մոտեցման առումով, որով նրանք գործում էին ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո:

Օրինակ, այդ ուժերից մեկի ներկայացուցիչը կարող է «նոր Հայաստանում տեղ ունենալու համար» դաս կամ ցուցում տալ ՀՀԿ-ին՝ թե պետք է փոխվել, մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ ՀՀԿ-ն նոր Հայաստանի քաղաքական համակարգում տեղ ունենալու ավելի մեծ շանս ունի, քան դաս տվող ուժը, որին ՀՀԿ-ից ավելի է անհրաժեշտ փոխվելը:

Հետհեղափոխական ներքաղաքական միջավայրում գործնականում բոլորը մնացել են հեղափոխության տակ: Այդպիսով ստացվում է ուշագրավ մի պատկեր: Հեղափոխության արդյունքում կա իշխանության փոփոխություն՝ քաղաքական տրամաբանության եւ ուժերի իրական հարաբերակցության տեսանկյունից, իսկ դրանից դուրս ներքաղաքական դաշտի մնացյալ տարածությունում ուժերի իրական հարաբերակցությունը գտնվում է այսպես ասած նախահեղափոխական շրջանի ռեժիմում կամ «բալանսում»: Իսկ այդտեղ գլխավոր պայքարը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ է:

Իմ քայլը կառավարող մեծամասնությունը բացարձակապես չի ցուցաբերում այդ բալանսը խախտելու ցանկություն, որովհետեւ չունի շարժառիթ: Կառավարող ուժն ինքը քաղաքական իմաստով ունի «բալանսի» գալու խնդիր: Այդ տեսանկյունից, իշխանության շրջանագծից դուրս ներքաղաքական կյանքում պահպանվող նախահեղափոխական բալանսը կառավարող նոր ուժի համար առավելագույն հարմարավետն է, որ կարող է լինել մինչ քաղաքական բալանսավորման սեփական խնդիրների լուծումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...