Իրավիճակը պատվով հաղթահարելուն ուղղված պետության ձեռքն է՝ մեկնված դատավորներին

- in Կարծիք

Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը ամբողջությամբ, որով, ինչպես հայտնի է, մինչև թոշակի տարիք լիարժեք աշխատավարձ է խոստացվում այն դատավորներին, որոնք կամովին կհրաժարվեն պաշտոնից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Այդպիսով, իշխանությունն ակնկալում է փոխել ՍԴ կազմը և ըստ այդմ՝ նաև ՍԴ գործունեության կարգավորումները:

Իշխանությունը հայտարարում է, որ դա իրավիճակը պատվով հաղթահարելուն ուղղված պետության ձեռքն է՝ մեկնված դատավորներին:

Միաժամանակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, հայտարարում է, որ ոչ մի աղետալի բան չի լինի, եթե դատավորները չբռնեն այդ ձեռքը: Լավ է, որ չի լինի որևէ աղետալի բան, բայց այդուհանդերձ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչ չի լինի, այլ այն, թե՝ իսկ ինչ կլինի հունվարի 31-ից հետո, երբ դատավորները չբռնեն պետության մեկնած այդ ձեռքը, կամ նրանց մեծամասնությունը չբռնի այդ ձեռքը:

Այստեղ լուծում է դիտարկվում Սահմանադրության փոփոխությունը: Համենայնդեպս, գոնե հրապարակի վրա այլ լուծում կարծես թե չի դիտարկվում՝ դրանից բացի: Այստեղ իհարկե առաջանում է շատ պարզ հարց. ինչո՞ւ ուրեմն միանգամից ձեռնամուխ չլինել այդ լուծմանը և հրապարակ բերել օրինագիծ, որը բավականին աղմուկ է առաջացնելու և իր թե՛ արժեհամակարգային-բարոյական, թե՛ զուտ ռացիոնալ-ֆինանսական տեսանկյունից որոշակիորեն աբսուրդային է, այն էլ՝ մեղմ բնորոշմամբ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ խնդրի, այսպես ասած, Սահմանադրության փոփոխության տարբերակով լուծումը այնքան էլ հարթ և սահուն մեխանիզմ չէ և քաղաքական մեծամասնության համար պարունակում է որոշակի ռիսկեր, որոնցից հնարավորինս խուսանավելու համար էլ ընդունվում է վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը: Բայց ակնառու է, որ այդ օրինագծի, այսպես ասած, արդյունավետության հավանականությունը եթե զրո չէ, ապա շատ մոտ է զրոյին:

Եվ ուրեմն՝ իշխանությունը չի կարող չունենալ որևէ պատկերացում, թե որն է լինելու հաջորդ քայլը, և ինչպիսի՞ն է այն լինելու, ի՞նչ տրամաբանությամբ՝ լուծմա՞ն, թե՞ ժամանակ շահելու: Թեև ինչ-որ իմաստով ժամանակ շահելը կամ ձգելը ևս կարող են լինել յուրօրինակ լուծում, եթե ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չդիտարկենք զուտ այդ կառույցի համատեքստում, այլ ավելի լայն ներքաղաքական շերտավորումով, որտեղ կառավարող մեծամասնության համար ՍԴ հարցը ամենևին նպատակ չէ, այլ միջոց այլ քաղաքական նպատակներ ու խնդիրներ սպասարկելու համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...