Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում արել է Արցախի հարցի կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններ, որոնք ունեն բազմիմաստ նշանակություն:

Մասնավորապես, Լավրովը մի կողմից հայտարարել է, որ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում ապրողների համար, մյուս կողմից խոսել «ղարաբաղյան համայնքների» հաղորդակցության երբեմնի իրողության վերականգնման մասին եւ ասել, թե հարցի լուծումը պետք է արժանանա Արցախի ամբողջ բնակչության հավանությանը: Այլ կերպ ասած, Լավրովը ակնարկել է, որ Արցախի բնակչություն է համարում նաեւ մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանում:

Ի՞նչ է ուզում ասել Լավրովն ու կա՞ արդյոք նրա խոսքում տագնապի անհրաժեշտություն, առավել եւս Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին սպասվող արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ինչ խոսք, հայկական կողմի համար գերզգայուն հարց է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասկացությունն ու դրան առնչվող ցանկացած ակնարկ: Այդ հարցը պետք է զսպել ու չեզոքացնել անգամ հայտարարությունների մակարդակում: Միեւնույն ժամանակ, Լավրովի բերանն իհարկե հնարավոր չէ փակել եւ արգելել խոսել այդ մասին, առավել եւս նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը չի կարող մտնել Բաքվի հետ դիվանագիտական հռետորաբանության հակադրության մեջ:

Խնդիրը սակայն ավելի լայն է, եւ ՌԴ արտգործնախարարի ադրբեջանական այցն արտացոլում է արցախյան հարցում հայկական կողմի համար, կամ ընդհանուր իրավիճակային տրամաբանության տեսանկյունից ակնառու մի հանգամանք: Խոշոր հաշվով, արցախյան գործընթացը դեռեւս տեւական ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոնների, եւ առավել եւս ռեգիոնալ անվտանգության պարեկության դերի համար պայքարող Ռուսաստանի համար լինելու է «լարախաղացության» հարց: Թե որ կողմ կթեքվի կամ առավել եւս «կընկնի» Մոսկվան, կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի մրցակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Վարչապետ Փաշինյանն օրերս ազգային անվտանգության ռազմավարության քննարկման ընթացքում հայտարարեց, որ հետհեղափոխական անցումային փուլն ավարտված է եւ պետք է անցնել ռազմավարական կառավարման ռեժիմի: Նա նշել էր, թե լուծվել են արտաքին քաղաքական հիմնական խնդիրները, այդ թվում Արցախի հարցում հայկական կողմի համար կարեւոր կետերում դիրքավորման տեսանկյունից:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հանգամանքը չունի այսպես ասած «ավարտական ակտ», եւ հայկական կողմի դիրքավորումը պահանջում է նաեւ դիրքերի մշտական պահպանում: Եվ ինչպես ռազմական առումով, այդպես էլ դիվանագիտական-քաղաքական դիրքերը պահանջելու են ամենօրյա եւ ամենժամյա պահպանություն, քանի որ փոքր բացթողումը կարող է բերել հարաբերակցության փոփոխության:

Մեծ հաշվով, հայկական կողմի համար Լավրովի ադրբեջանական հայտարարությունները պետք է լինեն ոչ թե մտահոգության, այլ ընդամենը աշխատանքի հետեւողականության տեղիք, այդ թվում նաեւ այն իմաստով, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է պահի մշտական պատասխանատվության ներքո, այլապես թյուրքական գործոնի հանդեպ ռուսական դիմադրությունը գործնականում զրոյացված է:

Խաբկանք է, թե Ռուսաստանն է այդ վտանգից Հայաստանի պահապանը կամ պաշտպանը: Խորքային քաղաքական ռեժիմում Հայաստանը կարող է լինել թյուրքական գործոնից ռուսական պետականության պաշտպանը, կամ արդեն գուցե՝ թյուրքական գործոնից ռուսական պետականությունն ազատագրողը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...