Sergey Lavrov

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» թերթում հրապարակված հոդվածում գրել է, որ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության նպատակը Ռուսաստանից հարևան երկրներին կտրելն է:

Լավրովը միևնույն ժամանակ հնարավոր է համարում Եվրամիության և Եվրասիական միության համագործակցությունը: Նա առաջարկում է ներդաշնակեցնել աևտրային և ներդրումային ռեժիմները: Այս համագործակցությունը, նրա խոսքով, թույլ կտա ԵՄ և Ռուսաստանի ընդհանուր հարևան երկրներին խուսափել ԵՄ-Ռուսաստան պարզունակ ընտրությունից:
ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի մասնակիցներ են Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան: Ռուսաստանը ԵՄ օրինակով ստեղծել է իր ինտեգրացիոն միությունը՝ Եվրասիական միությունը, որին անդամակցում է 4 պետություն: Պրոռուսական մյուս բլոկներին մասնակցում են նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններ:

Ինչ է տալիս Եվրասիական միությունն իր անդամներին:

«Եվրասիական տարածքում մենք ունեք 71 արգելք, որից 51-ը՝ կապված Ռուսաստանի հետ: Եվ իմ կարծքիով՝ այդ արգելքների հաղթահարումը չի գնում այն տեմպերով, որով պետք է գնար՝ պայմանավորված ամենատարբեր շարժառիթներով:

Միայն մեկն ասեմ՝ էներգետիկ միասնական շուկայն ըստ էության պետք է մինչև 2022-23 թվականները կայացած լիներ, բայց մինչև 2025 թվականը հույս էլ չունենք, որ կայանալու է, որովհետև այն պայմանավորվածությունները, որ պետք է լինեին միասնական պայմաններ՝ ունենալու միասնական էներգետիկ շուկա, այսօր արդեն պարզ է լինում, որ բավական բարդություններ ունենք:

… Հայկական կողմը սպասում է, որպեսզի Ռուսաստանում լուծում ստանա հայկական վարորդական իրավունքներով աշխատող հայերի խնդիրը: Այս խնդիրը ռուսական կողմը կապում է Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցի հետ:

Երբ մենք սեպտեմբերի 17-ին եղանք Պետդումայում, այդ նիստից հետո պարոն Զատուլինը հարցազրույց տվեց և ասաց, որ մինչև տարեվերջ այդ հարցը կլուծվի: Մենք հետևում էինք գործընթացներին, և ինչ-որ պահի, արդեն  նոյեմբերի կեսերին ես ԵԱՏՄ կոլեգիայից տեղեկատվություն ստացա, որ նախապատրաստվում է, որպեսզի այդ հարցը լուծվի ԵԱՏՄ համապատասխան համաձայնագրով, որովհետև փաստորեն ես պարզ եմ ասելու, որ այսօր ՌԴ այդ օրենքի կետը հակասում է ՌԴ պարտավորությանը ԵԱՏՄ նկատմամբ»:

Այս մտքերի հեղինակը ոչ թե «հակառուսական» գործիչ է, այլ ՀՀ ԱԺ ամենառուսամետ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Մի կուսակցության անդամ, որը ոչ միայն կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանը բռնակցելու որոշմանը, այլեւ ամեն ինչ արել է դա անշրջելի դարձնելու համար:

Հնարավո՞ր է պատկերացնել, որ Եվրամիության որեւէ երկիր որեւէ այլ երկրի պարտադրի պետական կարգավիճակ տալ իր լեզվին: Եվրասիական միությունում դոմինանտ երկիրը՝ Ռուսաստանը, ինքը չի կատարում իր պարտավորությունները, մյուսներին պարտադրելով սեփական օրենսդրությունը եւ ցանկությունները: Նկատենք, Միքայել Մելքումյանը մի քանի տասնյակ դեպքերից նշում է ընդամենը 1-2-ը:

Այս պայմաններում Եվրամիությունը չէ, որ հարեւաններին կտրում է Ռուսաստանից: Ռուսաստանն ինքն է վանում հարեւաններին, ընդունակ չլինելով նույնիսկ իր ձեւավորած միությունում պահպանել տարրական պարտաճանաչություն ու պատշաճություն:

Մի քանի օրից՝ 2020 թ. հունվարի 1-ին լրանում է ԵՏՄ-ին հայաստանի բռնակցման 5 տարին: Այդ օրվանից Հայաստանում թանկանալու է շուրջ 700 անուն ապրանք, ԵՏՄ կարգավորումների «շնորհիվ»: