«Որ գրառում էի արել, արձագանք ստացա, ասում է՝ փաստորեն, դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Էդ մետաղը 50 տարի մնացել ա էնտեղ, մի դրամ օգուտ չի բերել մարդուն, ոչինչ, որ երեխեք են բարձրացել այնտեղ, ընկել, երեխեքի վիզուալ գեղագիտությունը փչացրել է, էդ ոչինչ:

Եվ այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն՝ հա, փաստորեն սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն էլի հին կոռումպացված ռեժիմին ծառայեցնեն», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ժամկետանց եւ հաշվառումից դուրս եկած, չօգտագործվող մեքենաների ժանգոտ թափոնների խնդրին, Հայաստանը դրանցից ազատելու հարցին:

Խելագարվելու բան է, ասում է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շոշափում է հետհեղափոխական առանցքային դիլեմաներից մեկը, որն իսկապես գալիս ու հանգում է խելագարությանը: Եվ այստեղ շատ մեծ է նաեւ իշխող, կառավարող ուժի պատասխանատվությունը, թեեւ անշուշտ ոչ միայն այդ ուժի: Այդուհանդերձ, ինչի՞ համար է եղել հեղափոխությունը: Եվ այն, որ շատերը կարող են օրինակ մետաղի ջարդոնի հարցը վարչապետի համար խելագարության աստիճանի հասցնել ու կապել Սերժ Սարգսյանի ընկերության հետ, պայմանավորված է թերեւս նաեւ նրանով, որ մի շարք այլ հարցերում էլ կառավարող ուժն է հեղափոխության իրողությունը եւ հետհեղափոխական իրավիճակը տանում եւ կապում այդ հանգամանքների հետ:

Երբ, օրինակ, մարդկանց փորձ է արվում խելագարության աստիճան բերել մի հարցի, որ հեղափոխությունն ապագա չունի, քանի դեռ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում է, պետք չէ իհարկե զարմանալ, որ մետաղի ջարդոնի պարագայում էլ կարող է հնչել հարցը՝ բա դրա համար էի՞նք հեղափոխություն անում:

Պետք է արձանագել, որ հանրությունը հայտնվել է նախկին իշխող համակարգի հետ հաշիվ մաքրելու խելագար մրցավազքում, որ թելադրում է նաեւ կառավարող ուժը, առնվազն այն իրողության բերումով, որ այդ ուժի հավաքականությունը ներառել է նաեւ տարբեր ուժերի, որոնց հասարակական-քաղաքական գոյության գերխնդիրն ու իմաստը եղել է ու կա միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ հին քաղաքական հաշիվներ մաքրելը, կամ նաեւ անձնական, նկատի ունենալով այն, որ ժամանակին եղել են մեկ իշխանություն, բայց հետո ինչ-ինչ զարգացումների բերումով այդ մեկ իշխանության մի մասը հեռացել է իշխանությունից:

Եվ մի ամբողջ հանրություն, հանրային դիսկուրս հանգեցվում է այդ անձնական հաշիվերի մաքրման օրակարգին:

Վարչապետին ըստ երեւույթին այստեղ հարկ է գնահատել՝ ինքը դրա զո՞հն է, թե շահառուն: Որովհետեւ քաղաքական այսպես ասած հիմնական դաշտն ամբողջությամբ դրա շահառուն է: Բոլորը ապրում են դրանով: Չկա՞ այդ հաշիվների մաքրման գործընթացը՝ չկան բոլորը: Կա՞ այդ գործընթացը՝ բոլորը կան, բացի ապագայի վերաբերյալ առարկայական բանավեճից, քննարկումից ու դիսկուրսից:

Վարչապետ Փաշինյանն այդ իմաստով ունեցել է խնդրի առկայության մեջ համոզվելու անձնական օրինակ՝ Ստեփանակերտի օգոստոսի 5-ի ելույթի հետագծով, կամ ավելի շուտ դրա բացակայությամբ:

Հաշիվներ մաքրելու գործընթացի կամ օրակարգի բացակայությունը նախկին իշխող համակարգի ինդուլգենցիա կամ մեղքերի թողություն չէ, ինչպես փորձ է արվում ասոցացնել ցանկացած միտք, որը դուրս է այդ հաշիվներ մաքրելու գերակայության տրամաբանությունից:

Բայց եթե թվում է, որ նախկին համակարգում հաշիվը փակում էր հանրությունը՝ նյութապես, իսկ այժմ միմյանց մեջ այդ հին հաշիվների փակման բեռը հանրությունից բացի այլ տեղ է լինելու, ապա դա մեծ մոլորություն է: Իսկ տարբերությունը մեծ չէ՝ հանրությունը որեւէ ռազբորկայի հաշիվ փակում է իր նյութական կամ ֆինանսական ռեսուրսո՞վ, թե՞ նյարդերով, ժամանակով, հոգեվիճակով, ի վերջո խելագարությամբ:

Ավելին, նյութն ու ֆինանսը վերականգնելի կորուստ են, իսկ մնացյալը՝ ոչ: