Հարցին՝ եղե՞լ է, որ իշխանություններն իր առջև պայման դնեն, որ «այստեղ այսքան մեքենա կտաս, այս հիմնադրամին այսքան կմուծվես, մենք քեզ լավ աչքով կնայենք»,- Ծառուկյանը պատասխանեց․ «Ուրեմն ասեմ, իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝ այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ ա արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի»։

Նախկին իշխանություննե՞րն էլ չեն դրել նման պայման, Ծառուկյանն ասաց․ «Ոչ մեկը։ Դուք կարաք իրենց հարցնեք, Ծառուկյանի կշիռը, դիրքը, դրվածքը այդպես ա եղել, Դուք Ծառուկյանի ելույթներից երևի տեսնում եք, ո՞նց կարող ա պատահի․․․ ես մնացածի նման չեմ»:

«ՉԻ». Հուսով ենք, քաշ ասելով՝ Ծառուկյանը նկատի չունի ֆիզիկական քաշը: Իսկ քաղաքական քաշի մասին թերևս ճիշտ կանի լռի: Ծառուկյանի քաղաքական կշիռը երևաց 2015 թվականին, երբ հանրապետականը մեկ նիստ արեց, չորս ելույթով բամփեց, իսկ նա առավոտյան այնպես կորավ, որ անգամ կուսակիցները չէին գտնում: Այդ հետո էր, որ նա զրուցակիցներ էր գտնում և ականջներին շշնջում, թե չգիտեք՝ ինչ ռեպրեսիաներ կիրառեցին իմ դեմ, կարմիր բերետներ լցրեցին «Փարավոն» հյուրանոց և այլն:

Ծառուկյանի քաղաքական կշիռը երևաց 2018 թվականի ապրիլին, երբ ուժ չգտավ իր մեջ խմբակցությունով դեմ քվեարկելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Իսկ նրա հրաժարականից 6 րոպե առաջ լքեց նրան:

Ծառուկյանի քաղաքական կշիռը երևաց 2018 թվականի հոկտեմբերին, երբ կուսակիցների անհաջող պուտչից հետո մեղայականով ներկայացավ Փաշինյանին, ներողություններ խնդրեց և հիշեցրեց, որ ջուր է բերել հեղափոխությանը:

Ծառուկյանի քաղաքական կշիռը երևում է նաև այսօր, երբ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերվելիս ապավինում է օտարերկրյա պետությունների ղեկավարների աջակցությանը: Լուկաշենկոն ազնիվ մարդ է, կարող եք իրենից հարցնել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...