Կադիրովը՝ չեկիստական Ռուսաստանի դեմքերից մեկը, տվեց Վանեցյանի քաղաքականության մեկնարկը

- in Պնակալեզներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարիքին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- լուսանկարին կից գրել է Կադիրովը։

Աշխարհի ամենաավտորիտար առաջնորդներից մեկի այս գրառմանը կարելի էր առհասարակ չանդրադառնալ, եթե ակնհայտ չլիներ դրա քաղաքական ենթատեքստը, ավելի ստույգ՝ այն մոտիվացիան, որով նախկին համակարգի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները տիրաժավորում էին Կադիրովի գրառումը, ավելի ստույգ՝ պրոպագանդում էին Վանեցյանին ու նրա կերպարը։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը երբեք ԱԱԾ նման տնօրեն չի ունեցել, որն իր կերպարով, վարքագծով, պահվածքով ավելի նման է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ կարծես նպատակային հարված հասցնելով սպայի, հատուկ ծառայության գեներալի իմիջին։

Ողբերգությունն ամենևին էլ Վանեցյանինը չէ, որովհետև անհայտ այս չեկիստն այդպես էլ կմնար ստվերում, եթե հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը նրանից չսարքեին «աստղ», արդարության հաստատման համար գործի դրվող հեղափոխական մահակ։

Ուրեմն ստեղծված իրավիճակի քաղաքական պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, որը Վանեցյանին քաղաքական կշիռ տվեց՝ նախարարական ստատուսով ու գեներալական ուսադիրով։ Խնդիրը Վանեցյանի անձը չէ, որովհետև այդ անհամարժեք նշանակման հետևանքով «փչացավ» ոչ թե նրա, այլ ԱԱԾ իմիջը, նսեմացավ հեղափոխությունը։ Այս օրերին հասարակության աչքերում ռեստավրացվում է հին ԱԱԾ-ն, ավելի ճիշտ՝ Չեկան, որն ասոցացվում է ռուսական կայսրության ու ավտորիտարիզմի հետ։

Խայտառակություն է, որ հեղափոխական Հայաստանի ԱԱԾ առաջին տնօրենն աշխարհի ամենաավտորիտար առաջնորդներից մեկի «եղբայրն» է՝ քրեական մշակույթի կանոններին համապատասխան։ Ընկերներիցս մեկը միանգամայն դիպուկ էր նկարագրել, որ բոլոր չեկիստները (ռուսական քաղաքական մշակույթի արժեքների հավատավոր կրողները) ունեն մեկ գաղափարական հայրենիք. դա ռուսական կայսրությունն է։

Փաստորեն հենց Կադիրովը՝ չեկիստական Ռուսաստանի հրապարակային դեմքերից մեկը, տվեց Վանեցյանի սպասված քաղաքական գործունեության մեկնարկը՝ «հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագով» նշանաբանով ճանապարհ հարթելով նրա գործունեության համար։ Եվ այս ամենի համար պետք է շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...