ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի 2019 թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

«Հիմա բուն գործին չեմ անդրադառնա, մանրամասների մասին չեմ խոսի, քանի որ կա անմեղության կանխավարկած եւ պատահական չէ, որ նույն ԱԱԾ կայքում նշվում է, որ ենթադրայալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պահելով անմեղության կանխավարկածի իրավունքը՝ ես մեկանբանություն ցանկացա անել, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր կերպ մեկնաբանել կատարվածը:

Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը եւ մեր քաղաքկան ուժը համատարիմ է մնալու իր հանձնառությանը եւ կոռուպցիան արմատախիլ կանի իր բոլոր դրսեւորումներով անկախ դրա ծավալից: Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն էլ լինի, մենք որեւէ կաշկանդվածություն չունենք դիմելու իրավապահներին՝ համապատասխան ընթացակագրերն ապահովելու համար:

Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում, մեր ամենահարազատ մարդն էլ, եթե փորձի գնա օրինազանցության, օրենք խախտի եւ կատարի հանցանք, անի թայֆայաբազություն, առաջնորդվի իր ընտանեկան մտերմավարությամբ, ինչ շահեր էլ լինեն, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու: Ես այս գործի մասին չեմ ասում: Ասում եմ ընդհանրապես:

Եթե այս փաստը հաստատվի, ինձ համար ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, խոսքը գնում է է ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին: Ուզում եմ բոլորը շատ հստակ ֆիքսեն, ցանկացած կոռուպցիոն դրսեւորում մերժվելու, արմատախիլ է արվելու: Բոլոր մեկնաբանությունները, թե նախարարը տեղյակ չի՞ եղել եւ այլն, ասեմ, որ կյանքում էդպիսի բան չի կարող լինել: Դա շատ լավ գիտեն նախարարությունում, մեր քաղաքական ուժում, դա շատ լավ գիտի հասարակությունը:

Ցանկացած դեպքում, եթե սխալմունք տեղի ունենա, ես այդ մասին կխոսեմ, կասեմ, եղել է սխալ, իսկ կոռուպցիան տեղ չունի մեզանում: Վերջին 1.5 տարում տասնյակ քրեական գործեր են հարուցվել ոլորտում: Այսօր վարչապետն էլ թվեր հրապարակեց, դրանք ճիշտ է գումարային առումով մեծ թվեր չէին գուցե, բայց սարսափելի թվեր են, որոնք վերաբերում են կրթության ոլորտին: Դրան վերջ ենք տալու եւ ամեն ինչ ավարտվելու է: Նորից արձանագրում եմ, համակարգային կոռուպցիա չկա, իսկ առանձին դրսեւորումներում պատիժը լինելու է շատ խիստ: Խոսքն այս գործի մասին չէ: Այս պարագայում դեռ պետք է սպասել քննչական մարմինը գործն ավարտի, այնուհետ դատական պրոցեսները, եթե դրանք լինեն, իհարկե, եթե փաստն արձանագրվի:

Եթե նորություն լինի, ձեզ անպայման տեղյակ կպահեմ: Մենք արձանագրում ենք, որ բոլոր տեսակի հանցանքները պատժվելու են մեր կողմից»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ ԱԱԾ բերման ենթարկված անձը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Քանանյանն է։ Վերջինիս անվան հետ են կապվում Կելմե, Ջիվովա սպորտային ապրանքանիշները։

Մեր տեղեկություններով՝ նրա բարեկամուհին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։ Նախկինում, երբ ԿԳՄՍ-ն ՀԱՕԿ-ի հետ նույն շենքում էր, նա Լոռեցյանի հետ աշխատել է նույն հարկում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Երեկոյան մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Քանանյանի հետ: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հեռախոսահամարն անհասանելի էր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...