Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գյուղապետի ընտրությունները հետաքրքիր են, քանի որ 15 տարի գյուղը ղեկավարած Աշոտ Ենգիբարյանը ցանկանում է շարունակել կառավարել, իսկ նրա հետ մրցակցող Էդմոն Ադամյանն ու Արմեն Ավետիսյանն այլընտրանքայիններ են:

Երբ այցելել էինք Կոշ, ինչպես հայտնի է, գործող համայնքապետերի հեռախոսահամարները հեշտ է գտնել համացանցում, նախապես պայմանավորվել էինք մեկ ու կես տասնամյակից ավելի այս գյուղը ղեկավարող Աշոտ Ենգիբարյանի հետ ու ենթադրվում էր, որ վարչարար, պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեցող այրը, եթե պայմանավորվել է, հետևաբար հանդիպումն անպայմանորեն կկայանա: Թեև՝ տխուր փորձն ունեինք, և ոչ այլ գյուղի, այլ թեկնածուի հետ կապված, այլ հենց Կոշի ու Աշոտ Ենգիբարյանի, երբ անցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ պայմանավորվել էինք նույն կերպ, սակայն հենց գյուղապետարանի դիմացից, աչքներիս առաջ նա հեռացավ ու … չկարողացանք հանդիպել: Նույն բանը կրկնվեց նաև այս անգամ, սակայն  դեպի գյուղապետարան ճանապարհին: Այդ մասին արդեն խոսել ենք մյուս երկու թեկնածուների տեսահարցազրույցների նախաբաններում:

Հետևաբար այլ բան չէր մնում, քան զրուցել շարքային կոշեցիների հետ, այցելել ճնշումը բարձրացած, կամ՝ իջած Աշոտ Ենգիբարյանենց տուն, սակայն դուռն անընդմեջ թակելով հասկացանք, որ վատառողջ գյուղապետն ու գյուղապետի թեկնածուն անգամ տանը չէ: Իսկապես վատացած, հիվանդանոցում սիստեմայի տակ պարկած չլինի՞ …

Ո՞վ է Աշոտ Ենգիբարյանը, ինչ կարծիք ունեն նրա կառավարման արդյունքների մասին Կոշի համագյուղացիները: Հիմնական պատասխանը, որ հնչում էր, այն էր, թե վատ տղա չի, իրա չափով աշխատել ա, բայց դե կարար ավելի լավ աշխատեր, եթե ինքն ուզեր կամ՝ նախորդ իշխանությունները թողնեին, որի մի մանրունքն էլ ինքն էր:

Ասացին, որ բուժամբուլատորիան է վերանորոգել, մանկապարտեզը նորմալ գործում է, բայց ինչպես խորհրդային համակարգերի մասին խոսելիս են ասում՝ զարգացել է Հայաստանը, կարծես թե այն պետությունները, որոնք խորհրդային չէին՝ չեն զարգացել, եթե չասած, որ ավելի զարգացած են:

Կոշեցիները նաև գիտեին, թե ում է նեղացրել Աշոտ Ենգիբարյանը, ում գործերն են լավ գյուղում՝ գյուղապետի երբեմնի հովանավորության շնորհիվ, պատմեցին, որ գյուղապետի կինն է Կոշի դպրոցի տնօրենը՝ Ռուզաննա Տոնոյանը, Կվաշ մանկապարտեզում էլ Աշոտ Ենգիբարյանի հովանավորչությամբ են շատերը աշխատանքի ընդունվել.

– Ա՜, դե տղա ա, էլի, իրա համար, մեր համագյուղացին ա, բայց խոմ գյուղապետարանը պապից ժառանգություն չի ստացել, հերիք ա, էլի կառավարի, թող էստաֆետը հանձնի ուրիշի, էլի մեր գյուղացին ա, կարգին մարդ …

Մյուսն էլ, թե մի քիչ ազնվությունը չէր խանգարի Աշոտին, ինքն իրա թիմն ա ձևավորել, աշխատում, ուտում – խմում, ապրում ա, չէի ասի, թե մնացածիս հանդեպ վատ ա, բայց՝ լավ էլ չի:

Շատերն էին կմկմում հողերը ծախելու, վարձակալությամբ տալու, կոռուպցիոն երևույթների մասին, սակայն խնդրանքներից հետո անգամ չէին հստակեցնում, ինչը թերևս թողնենք քննչական համապատասխան ծառայություններին, դա նրանց գործն է:

Մենք կհետևենք Կոշի ընտրություններին ու դրանց արդյունքների ստացմանը, և անհրաժեշտության դեպքում հրապարակում էլի կունենանք: