Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում:

Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է փաստաթուղթը, որը հայտնվել է Южная служба новостей պարբերականի ձեռքի տակ: Փաստաթղթում գրված է, որ հայկական եկեղեցու վերակացուն, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի նամակի, տեղեկացնում է իրականացված ապամոնտաժման մասին:

Նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վինոգրադովի գործողությունները դիտարկում են որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին:

Միջադեպին արձագանքել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հետևում են այս իրավիճակի զարգացումներին, և իրավապահները քննում են դեպքի հանգամանքները։

Թեմային անդրադարձ կատարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ վերջերս հյուրընկալել էր ռուսաստանցի լրագրողներին ու թվում էր՝ հարցը փակված է, համենայն դեպս՝ Նժդեհի հարցը պետք է դուրս գար հայ-ռուսական հարաբերությունների օրակարգից՝ անկախ նույնիսկ այն հանգամանքից, թե հայ ռազմա-քաղաքական ականավոր գործչի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեն Ռուսաստանում։ Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստանում, ու ըստ ամենյանի՝ ենթադրելի է, որ Նժդեհի գործոնը Մոսկվայի կողմից պարբերաբար դրվելու է շրջանառության մեջ՝ Հայաստանին ինչ-որ ուղերձներ հասցեագրելու համատեքստում։ Իհարկե, այս ամենում իր մասնաբաժինը, լուման ունի նաև Ադրբեջանը, ինչն արտահայտվում է անգամ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով։ Սակայն չի կարելի ամեն ինչ վերագրել պաշտոնական Բաքվի ջանքերին կամ ադրբեջանական պրոպագանդային ու Նժդեհի դեմ «պատերազմն» ունի նաև, այսպես կոչված, կայսերական արմատներ։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ոմանք կարծում էին, որ ռուսները Նժդեհի, նրա «նացիստական» հետագծի մասին ակնարկում են՝ վերաբերմունք արտահայտելով ՀՀԿ-ի նկատմամբ՝ ցույց տալու համար իրենց անվստահությանը մի կուսակցության հանդեպ, որը նժդեհականությունը համարում է իր պաշտոնական գաղափարախոսությունը։ Եթե այս վարկածն իրական կամ գոնե հիմնական լիներ, ապա ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո տրամաբանորեն պետք է «մոռացած» լինեին Նժդեհին։ Իրադարձությունները, սակայն, խոսում են հակառակի մասին ու կարելի է ենթադրել, որ Նժդեհը ռուսների մոտ այլ ասոցիացիաներ է առաջացնում։ Հիտլերի ու նացիզմի մասին ռուսական պնդումները, մեղմ ասած, արժանահավատ չեն, մանավանդ, որ չկան կոնկրետ փաստեր, որ Գարեգին Նժդեհը գերմանացիների կողմից կռվել է Սովետների դեմ։

Անկեղծ ասած, նժդեհականությունը՝ որպես գաղափարախոսություն, վիաճահարույց է ու այնպես չէ, որ կարող է կոնսոլիդացնել անգամ Հայաստանի հասարակությանը։ Սակայն մեր ժողովրդի համար Գարեգին Նժդեհն անգնահատելի է՝ որպես ռազմա-քաղաքական գործիչ, ում ջանքերի շնորհիվ փրկվել է Զանգեզուրը։ Մեծ իմաստով՝ Նժդեհը մարմնավորում է ինքնիշխանության, ազատության ոգին, ով մինչև վերջ պայքարում էր Հայաստանի անկախության համար՝ ընդդիմանալով բոլշևիկյան օկուպացիային։ Այլ խոսքով՝ Նժդեհի հակակայսերականությունն է նրան դարձրել Ռուսաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակների «աչքի փուշը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...