Հայաստանը բախվել է լուրջ խնդրի. սեփականության վաճառքին պետք է զգույշ վերաբերվել

- in Կարծիք

Թյուրիմացության վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի եւ արաբ ձեռնարկատերերի միջեւ՝ երբ վերջիններիս մերժվեց Երեւանում ձեռք բերել սեփականություն, այնքան էլ արտառոց չէր:

Շատերն այն ընկալում էին սոսկ իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ արվող արտաքին կապիտալ ներդրումների առջեւ քաղաքապետարանի կողմից խոչընդոտներ ստեղծելու փաստ: Բայց իրավիճակն առավել համակողմանի դիտարկելիս՝ կարելի է ավելի ճշգրտորեն իմաստավորել տեղի ունեցածը: Հայաստանը բախվել է մի լուրջ միտումի, որի իմաստն այստեղ մինչեւ վերջ հասկացված չէ: Դա հետեւյալն է. նպատակահարմա՞ր է արդյոք հսկայածավալ ֆինանսների կենտրոններին մեզանում սեփականության տիրապետման իրավունքի տրամադրումը: Եվ բանն ամենեւին Ռուսաստանին վերջերս անարդյունավետ կերպով այդպիսի իրավունքներ տալու նախադեպը չէ: Այդտեղ ամեն ինչ պարզ է՝ ոչ մի զարգացում էլ Հայաստանի տնտեսությունը չստացավ: Ընդհակառակն՝ Ռուսաստանին փոխանցած առանցքային ճյուղերում մենք գործ ունեցանք լճացման հետ: Բայց դա վատագույնը չէ, որին կարող էր եւ է՛ բախվել մեր երկիրը:

Ներկա պահին մենք բախվում ենք միանգամայն այլ միտումների, որոնք երկրի համար նոր հնարավոր սպառնալիքներ են պարունակում: Այդ մասին արժե ավելի մանրամասն խոսել, քանի որ հենց հիմա է գալիս աշխարհի ֆինանսատնտեսական կենտրոնների հետ փոխհարաբերությունների ռազմավարորեն ճշգրտված ազգային հայեցակարգի մշակման ժամանակը: Առաջին հերթին՝ հարկ է խոսել Հայաստանում սեփականության բաշխման համակարգի եւ դրա կողմից երկրի ներսում ստեղծված յուրահատուկ ֆինանսատնտեսական շահերի մասին: Ինչպես թվում է, ներկա պահին այստեղ դանդաղ գործողության մի ական է դրված, որի հետ կատակել չի կարելի:
ԽՍՀՄ-ի փլուզումն առաջնագիծ դուրս բերեց սեփականության ձեւերի վերափոխման անհրաժեշտությունը: Հանրային սեփականության զանգվածային մասնավորեցման նախադեպ աշխարհում ոչ մի տեղ չէր եղել: Պետական-մենաշնորհային կապիտալիզմի (սոցիալիզմի բուն տեսաբանների բնորոշմամբ) թեզի վրա հիմնված խորհրդային տիպի տնտեսությունը կարող էր գոյություն ունենալ միայն կենտրոնացված ֆինանսավորման հիմքի վրա: Այդպիսի պրակտիկայի դադարեցումը խոշոր սեփականության սրընթաց փլուզման պետք է բերեր: Եվ եթե գյուղատնտեսական ձեռնարկությունները (կոլտնտեսություններն ու սովխոզները) կարելի էր վերացնել այդ ձեռնարկությունների անդամների միջեւ հողի պարզ բաժանման ճանապարհով, ապա արդյունաբերական հսկաների հիմնախնդիրը հատուկ մոտեցում էր պահանջում: Այդ ձեռնարկությունների գործունեության ֆինանսավորումն այն ժամանակ գործնականորեն անհնար էր: Ասենք՝ հողի սեփականատերերը եւս հայտնվել էին նույն փաստի առջեւ՝ առանձին-առանձին հողակտորների մշակումը՝ պայմանավորված ծանր տեխնիկայի բացակայությամբ, բարդ գործ էր դարձել: Բայցեւայնպես՝ սեփականաշնորհում կատարվեց եւ ունեցավ ծանր հետեւանքներ:

Հայաստանում սեփականաշնորհման ապագա հայեցակարգի ուրվագծերն առաջին անգամ նշմարվել էին 1991 թվականի փետրվարին Կառավարության հաստատած եւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած` «ՀՀ-ում սեփականաշնորհման հիմունքներում»: Բայց իրավական ակտերի մշակման իրական գործընթացը սկսվել էր արդեն Լեռնային Ղարաբաղի պատերազմի թեժ պահին: 1992 թվականի հուլիսին ընդունված օրենքն ուներ հոդված վաուչերներ կոչվող` սեփականաշնորհման սերտիֆիկատների մասին: Հայտնի է, որ վաուչերները հատուկ էին մտածված սեփականաշնորհումն արագացնելու համար: Խոսվում էր այն մասին, թե սեփականաշնորհումն անհրաժեշտ է միջին խավ ստեղծելու համար: Թե ինչի համար էր այդ շտապողականությունը` այնքան էլ հասկանալի չէ:

Մինչվաուչերային ժամանակաշրջանում արդյունաբերության մեջ սեփականաշնորհում գործնականում չէր անցկացվել: Իրականացվել էր ձեռնարկությունների մասնակի (հիմնական ֆոնդերի 20%-ի) անհատույց մասնավորեցում` դրանք բաժնետիրական ընկերությունների վերափոխմամբ: 1997 թվականից, երբ կառավարությունը փոխվել էր, սկզբնավորվեց խոշոր ձեռնարկությունների ընտրովի սեփականաշնորհման միտում` անգործության մատնված հսկաների վերագործարկումը երաշխավորող օտարերկրյա գնորդների ներգրավմամբ: Այս դեպքում կտրուկ փոխվեցին սեփականաշնորհման շուրջ բանավեճերը: Եթե առաջ խոսում էին վաուչերային մասնավորեցման արդարացիության մասին, ապա այժմ ուշադրությունը կենտրոնացված էր դրա արդյունավետության, գնորդների ընդունման միջոցների ու ձեւերի վրա: Պետությունը դարձել էր տնտեսական այդ քաղաքականության մենաշնորհատիրական կիրառողը: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի շահերից էր բխում այդպիսի քաղաքականության վարումը ավտորիտար իշխանության գոյության պայմաններում:

Արդյունքում, ինչպես ցույց տվեց ժամանակը, խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո նրանց մեծ մասը հայտնվեց ազդեցիկ պաշտոնյաների ու նրանց շրջապատի նորաթուխ գործարարների ձեռքում: Բաժնետերերի մեծամասնությունը ստիպված վաճառում էր իր բաժնետոմսերը, քանի որ չի կարողացել մուծել ձեռնարկություններն աշխատեցնելու համար անհրաժեշտ գումարը: Մի քանի մարդ գնել էր այդ բաժնետոմսերը եւ դարձել սեփականության տեր: Երկրի օլիգարխացման հիմքերը դրվել էին արդեն բուն օրենքներում:

Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ: Իշխանության ճամբարի անդամների ձեռքում հայտնվել էին բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնց գործունեության համար ոչ ոք փող չէր ներդրել: Արդյունքում պատկառելի քանակության մեռած կապիտալ էր կազմավորվել: Սեփականաշնորհված ձեռնարկությունների տերերը վաճառում էին սարքավորումները եւ սպասում անշարժ գույքի գների բարձրացմանը: Երկրում ֆինանսական միջոցների մշտատեւ պակասուրդի պայմաններում գրեթե երկու տասնամյակ նշված ձեռնարկություններից շատերը մինչեւ հիմա մնում են անտեր: Նույնը հողամասերի դեպքում է. հսկայական տարածություններ մինչեւ այժմ չեն մշակվում իրենց տերերի կողմից: Բնականաբար` դրանց տերերն այդ սեփականության գները բարձրացնում են միայն մեկ նպատակովվաճառել մեծ օգուտովԴա վերաբերում է ոչ միայն խոշոր սեփականությանըայլեւ ողջ երկրով մեկ տարածված հարյուր հազարավոր փոքր օբյեկտներինՓաստորենսեփականության անկանոն (գիշատչականմասնավորեցումը ներկայում ոչ միայն մեծ խնդիրներ է ստեղծել տնտեսության զարգացման համարայլեւ մեծ սպառնալիքներ՝ երկրի ապագա անվտանգության հարցում:

Ներկայում` բաց տնտեսության պայմաններում, ողջ աշխարհում տեղի են ունենում կապիտալի էքսպանսիայի վրա խարսխված աննախադեպ տնտեսական գործընթացներ: Հնարավորություններ ի հայտ եկան գնելու սեփականություն այնպիսի ծավալներով, որոնք վտանգ էին ներկայացնում ազգային պետությունների գոյության համար: Ինչպես շատ հետազոտողներ են նշում, պետությունները կդառնան մեգապոլիսների եւ խոշոր ֆինանսական կազմակերպությունների պատանդները: Այդ սուբյեկտներն ավելի շատ գործակցում են միմյանց հետ, քան՝ այն տարածքների, որոնց հանդեպ քաղաքական-իրավական պարտավորություններ ունեն: Ավելին` խոշոր եւ փոքր պետությունների միջեւ հարաբերություններում ֆինանսական էքսպանսիան պայմաններ է ստեղծում ժողովրդագրական էքսպանսիայի համար: Այսինքն` երեւան են եկել նոր հնարավորություններ քաղաքական խնդիրներն օրինական ֆինանսատնտեսական մեխանիզմներով լուծելու համար:

Դրա վառ օրինակը մեր դրացի Վրաստանն է: Այստեղ վերջին տասնամյակների ընթացքում թուրքական կապիտալն իր երկրի (Թուրքիայի) համար ռազմավարորեն կարեւոր ժողովրդագրական էքսպանսիայի խնդիր է լուծում: Վրաստանի համեմատ ֆինանսական հնարավորությունների նշանակալի անհավասարությունը թույլ է տալիս այդ երկրից սեփականություն խլել ամբողջ քաղաքներում (Բաթումի) եւ ծայրամասերում: Ավելի մեծ ծավալներով համանման խնդիրներ է լուծում Չինաստանն Աֆրիկայում` գնելով առանձին երկրների տնտեսության ամբողջ ճյուղեր: Ընդ որում` այդպիսի գործընթացները տեղի են ունենում հարաճուն արագությամբ` ժամանակ չտալով էքսպանսիայի ենթարկվող երկրներին: Ավելի ճիշտ` փոքր երկրներն ավելի հաճախ են անզոր վիճակում հայտնվում այդպիսի միտումների դեմհանդիման:

Բայց կա նաեւ հակառակ երեւույթը: Օգտագործելով միջազգային-իրավական հնարավորությունները, փոքր երկրներից շատերը ստեղծում եւ ծավալում են խոշոր ֆինանսների ներգրավման արդյունավետ մեխանիզմներ` մեծ երկրների ֆինանսատնտեսական հսկաներին բացառիկ հնարավորություններ տալու ուղիով: Տարբեր «օֆշորներն» ու ֆինանսական սխեմաները թույլ են տալիս խոշոր տնտեսական օբյեկտներին` ազատվել ազգային պետությունների կողմից դրվող հարկերից: Ավելին` նրանք դառնում են այս կամ այն երկրների խոշոր կոռուպցիոներների միջոցների լվացման կենտրոններ:

Գլոբալ քաղաքականության եւ տնտեսության նմանատիպ «օպերատորների» երեւակայությունը սահմաններ չունի: Բնավ պատահական չէ խոշորագույն ընկերությունների սրընթաց սնանկացումը: Կարելի է օրինակ բերել նախկին հսկաներ «Նոկիա»-ի եւ «ԹոմասԿուկ»-ի դեպքերը: Հեշտ փողերի հետեւից ընկնելը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած երկրի ու ցանկացած ընկերության համար:

Ահա այսպիսին են գործերը ֆինանսների եւ սեփականության աշխարհում: Այս աշխարհի հետ գործնականում բախվելիս, հարկավոր է ազգային անվտանգության տեսակետից հարյուր անգամ ծանրութեթեւ անել սպառնալիքներն ու հնարավորությունները: Միշտ չէ, որ փողերը փրկում են՝ երբեմն դրանք նաեւ կործանում են: Շատ հայ կոռուպցիոներների ու նախկին օլիգարխների ճակատագիրը դրա վկայությունն է: Իսկ երբ բանը պետությանն է վերաբերում՝ տասնապատիկ զգույշ պետք է լինել:

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ տնօրեն

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...