Սամվել Ուզունյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործի դատավորն էր, Հայաստանից փախել է Մոսկվա: Առայժմ այդ տեղեկությունը հերքված չէ: Նրան ներկայումս մեղադրում են 50 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Ուզունյանն ընդ որում փախել է հենց այն ժամանակ, երբ նրան պատրաստվում էին ձերբակալել: Նա Հայաստանից, այսպես ասած, փախած հերթական պաշտոնյան է, որը հանգրվանում է Ռուսաստանում: Կհամալրի՞ Ուզունյանն այնտեղ բարեհաջող հանգրվանողների շարքը, որի, այսպես ասած, վերջին համալրումն Ալրաղացի Լյովն էր՝ Լևոն Սարգսյանը: Նրան շաբաթներ առաջ ձերբակալեցին և հիմա քննում են արտահանձնման հարցը:

Այս պատմություններում, սակայն, կա մի էական հանգամանք՝ արդյոք այդ հարցը ունի՞ որևէ նշանակություն կամ իմաստ հայ-ռուսական երկկողմ հարաբերության այն տրանսֆորմացիայի համատեքստում, որ տեղի է ունենում թավշյա հեղափոխությունից հետո: Այդ հարաբերության բազմավեկտոր նշանակալիության և աշխարհաքաղաքական կարևորության հարցին անդրադարձել ենք բազմիցս՝ թե՛ Հայաստանի և ռեգիոնալ անվտանգության, թե՛ Հայաստանի համաշխարհային դերի ու նշանակության համատեքստում:

Այդ առումով Ռուսաստանում փախած և ապաստան ստացած մի քանի հայաստանյան օդիոզների հարցը որքան հնչեղ է դառնում հայկական լրահոսում, գործնականում նույնքան էլ մանրանում և անգամ չնչին է դառնում հենց լայն աշխարհաքաղաքական համատեքստում, որ պարունակում է հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի խնդիրը: Այդ իմաստով Հայաստանը կորցնո՞ւմ է ռուսական «ապաստանության» այդ դրսևորումից, թե՞ խորքային առումով ստանում խաղաքարտ, որը կարող է ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Անկասկած է, որ ներկայումս տեղի է ունենում դիրքային պայքար, բավականին համառ և կոշտ պայքար, որում ներգրավված են, իհարկե, ոչ միայն հայկական համակարգի տարաբնույթ շերտեր, այլ նաև ռուսական իսթեբլիշմենտի տարբեր ֆունկցիոնալ դերակատարներ՝ տարբեր շահերով: Իսկ այդ պայքարի առանցքային մաս է այն, որ կողմերը փորձում են միմյանց ներկայացնել տարբեր պահանջներ և դիտողություններ:

Այդ առումով էր նաև հատկանշական Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական «Նուվել դԱրմենի» ամսագրին, որտեղ նա նշում էր՝ եթե Ռուսաստանը կարող է կասկածներ ունենալ Հայաստանի հանդեպ, ապա նույնքան էլ Հայաստանը կարող է ունենալ կասկածի իրավունք: Այդ համատեքստում տեղի ունեցող երևույթը, որը կարծես թե ստանում է, այսպես ասած, կանոնավոր բնույթ, դառնում է բազմաշերտ և կարող է արտահայտել բավականին խորքային զուգահեռ իրողություններ:

Ուզունյանն անշուշտ կասկածի առիթն է: Պարզապես այս դեպքում անշուշտ առաջանում է մի հարց՝ դա Հայաստանի՝ Ռուսաստանի՞ն «կասկածելու» առիթն է, ըստ այդմ՝ խաղաքարտ դիրքային պայքարում, թե՞ քաղաքացիների՝ Հայաստանի իրավապահ համակարգին կասկածի առիթ, որն արդեն ստանում է բոլորովին այլ իմաստ ու երանգ: