Ադրբեջանում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն, որն ինքնին ամենևին ուշադրության արժանի չէր լինի, եթե չդիտարկվեր որպես նախագահի հնարավոր փոփոխության շեմ և չկրեր այդպիսի զարգացման որոշակի նշաններ:

Հակառակ պարագայում, խորհրդարանի փոփոխությունը Բաքվում թերևս չարժեր արժանացնել մեծ ուշադրության: Սա նշանակում է, որ արցախյան հարցում առնվազն մի քանի ամիս մենք ունենալու ենք «ադապտացիոն» նոր ժամանակաշրջան: Խոսքը միայն խորհրդարանի արտահերթ ընտրության և ձևավորման մասին չէ, այլ հնարավոր այդ իշխանափոխության կամ նախագահի փոփոխության ավելի լայն գործընթացի:

Օրերս կառավարությունում ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի քննարկմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը պետք է անցնի արդեն տարբեր ոլորտներում ռազմավարական մշակումների, ռազմավարությունների իրականացման, քանի որ անցումային փուլի խնդիրները, այդ թվում՝ արտաքին հիմնական հարցերն ու արցախյան բանակցային գործընթացի հետ կապված դիրքավորումները, հաջողվել է լուծել: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի այդ խոսքում էլ արձանագրվում է այն, այսպես ասած, ժամանակային դադարը, որ նախանշվում է արցախյան հարցում, և վերջին տարիներին աստիճանաբար թեժացած գործընթացը կարծես թե գնում է որոշակի սառեցման:

Իհարկե, ժամանակակից աշխարհում չափազանց հեղհեղուկ կարող են լինել այդօրինակ եզրահանգումները, և ընդհանրապես որևէ զարգացման շուրջ գնահատականները, քանի որ իրավիճակը փոխվում է շատ արագ և շատ կտրուկ, սակայն նշմարվող տենդենց առկա է: Դա չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինել որևէ շրջադարձի, սակայն առանցքային հունը, կարծես թե, որոշակիորեն գծվում է: Որևէ կողմ գործնականում չի հրաժարվելու իր շահերից և խնդիրներից, թե հակամարտող, թե նաև միջնորդ կողմերի մասին է խոսքը, կամ ոչ ֆորմալ ներգրավվածություն ունեցող առանցքային կենտրոնների մասին, բայց դրանց սպասարկումը կարող է մտնել որոշակի «սառըպատերազմյան» փուլ, երբ պայքարը կտեղափոխվի քաղաքական, տնտեսական դիրքային հարթություն: Մեծ հաշվով, կարծես թե ցիկլ է փակվում՝ արցախյան հաղթանակից հետո անցած քառորդդարյա մի ցիկլ, և իրավիճակը վերադառնում է «ելման դիրք», այսինքն՝ տնտեսական և քաղաքական մրցակցության, քաղաքակրթական մրցակցության դիրք:

Երբ իրավիճակը քառորդ դար առաջ պատերազմից հետո կանգ առավ այդ դիրքում, պատերազմ հաղթած հայկական կողմը հետագա տարիներին գործնականում պարտվեց տնտեսա-քաղաքական ասպեկտով, ինչն էլ հանգեցրեց հետո արդեն ռազմական էսկալացիայի և լուրջ բարդությունների:

Ներկայումս Հայաստանը ունի մեկնարկային առանձնահատուկ պայմաններ, որոշակի դիրքային առավելություն, սակայն անկախ ամեն ինչից՝ Հայաստանը չունի սառը մրցակցության երկրորդ փուլն էլ, մեծ հաշվով, տանուլ տալու կամ հետ մնալու հնարավորություն, որովհետև ամեն հաջորդ նոր փուլ կարող է տրվել ավելի ու ավելի ծանր կորուստների գնով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...