Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին սկսել են հնչել տարաբնույթ դատողություններ անխուսափելի պատերազմի մասին:

Հայաստանում այդօրինակ դատողությունները պարբերական են, ըստ քաղաքական ներքին կոնյունկտուրայի: Օրինակ, երբ 2016 թվականին կոնյուկտուրան չէր պահանջում, որեւէ մեկը՝ բացառությամբ հազվադեպ լրատվամիջոցների եւ փորձագետների, չէր խոսում հասունացող պատերազմի մասին, թեեւ Ադրբեջանը պատերազմը «լոնքերով» էր մոտեցնում:

Բայց ահա, 2016-ի ապրիլից հետո, նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պատերազմի գուշակությունները բազմապատկվել են: Հերթական առիթը Բրատիսլավան էր:
Ընդհանրապես, հայ-ադրբեջանական հակամարտության առկայության պարագայում պատերազմը էքզիստենցիալ սպառնալիք է: Ըստ այդմ, որեւէ մեկը չի կարող բացառել պատերազմը: Բայց մի բան է պատերազմ չբացառելը, մեկ այլ բան դրա անխուսափելիությունից խոսելը:

Ի՞նչն է այդպիսի հիմք կամ առիթ տվել այս անգամ: Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանի տարածած թուղթը, թե ինչպես են տեսնում կարգավորումը: Այն գնահատվել է «վերջնագիր»: Վերջնագիր է գնահատվել մի բան, որի մասին Բաքուն խոսել է առնվազն երկու տասնամյակ: Ընդ որում, ոչ միայն Բաքուն խոսել է, այլ Բաքվի այդ մոտեցումները տարբեր կերպ փաստաթղթավորվել են ինչ որ կարգավորման պլանների կամ մադրիդյան սկզբունքների տեսքով:

Օրինակ, եթե Հայաստանի հանրությունը դիտարկի մադրիդյան սկզբունքները եւ Բաքվի վերջնագրերը, ապա դրանցում կարող է լինել զարմանալի նմանություն: Այդ նմանությունը Հայաստանը 2007 թվականին ընդունել է որպես բանակցային հիմք:

Այժմ որոշ շրջանակներ հայտնաբերում են «վերջնագիրն» ու հայտարարում, որ պատերազմը անխուսափելի է, եւ Հայաստանը չունի ժամանակ:

Իսկ խնդիրն այն է, որ հոգսը այնքան էլ Հայաստանն ու պատերազմը չեն, պարզապես այդ անխուսափելիության «դիսկուրսը» թույլ է տալիս «լեգիտիմացնել հերոսների պաշտպանության» մարտավարությունը, որ հեղափոխությունից հետո դարձել է նախկին իշխող համակարգի առանցքային խաղաքարտերից մեկը:

Կրկնենք, պատերազմը բացառել հնարավոր չէ՝ որեւէ տեղ: Հարցն այն է, թե ինչի՞ վրա է կառուցվում եզրահանգումը: Որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ Բրատիսլավայում, տալիս է թերեւս հակառակ եզրահանգման հիմք կամ նախադրյալ, որի պատճառը շատ ավելի լայն խորապատկեր ունի, քան Ադրբեջանը կամ այսպես ասած բանակցային գործընթացն ինքնին: Պատերազմով Կովկասում ներկայում կարող է լայն իմաստով լուծվել մի հարց՝ Ռուսաստանի հեռացումը Կովկասից:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը սրել էր այդ հարցը, ինչը փակելու համար Մոսկվան փորձեց հնարավորինս արագ նպաստել զինադադարին:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը հանեց Կովկասից Մոսկվայի հեռանալու հարցը: Ավելին, այդ հեղափոխությունը խոշոր հաշվով Ռուսաստանին Կովկասում մնալու առաջարկ է, պայմանով, որ Մոսկվան կհրաժարվի հայկական շահի ու անվտանգության սակարկության վրա Կովկասում իշխելու գաղափարից կամ սեւեռումից: Կրեմլի լոյալ արձագանքը խոսում է այն մասին, որ առաջարկը գիտակցված է եւ առնվազն նախնական հավանության արժանացած:

Ռուսաստանն այդ իմաստով ժամանակ ունի՝ մինչեւ 2021 թվական, երբ լրանում է հայկական արյունով ներկված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-ամյակը, մեզ համար՝ տարելիցը: Պայմանագրի տառից եւ ոգուց չհրաժարվելու պարագայում միջազգային քաղաքականության մեջ վերստին կհասունանա Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հարցը:

Այդ ամենն անշուշտ չի նշանակում, որ Հայաստանը պետք է դույզն իսկ դադարի պատրաստվել պատերազմի: Ամենեւին, քանի որ խոշոր հաշվով լայն իրադրության տրամաբանության մեջ պատերազմի ռիսկի նվազեցումը պայմանավորող առանցքային հանգամանքներից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, հենց Հայաստանի պաշտպանունակությունն ու հակահարվածի կարողությունն է: