Erdoghan Putin

Թուրքիայի նախագահի նստավայրը հայտարարել է հայերի ցեղասպանության թեմայի վերաբերյալ անգլիալեզու կայք թողարկելու մասին, որի նպատակն է լինելու թուրքական ժխտման քաղաքականության ինֆորմացիոն սպասարկումը:

Կայքը, ըստ Թուրքիայի նախագահական պալատի, պատասխանելու է հայերի ցեղասպանության առիթով Թուրքիային ներկայացվող հարցերին ու պահանջներին, այդ թվում երրորդ երկրներին մեղադրելով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու համար:

Անկարայի որոշումը լավագույնս բնորոշում է, թե ինչպիսի տագնապներ կան Թուրքիայում համաշխարհային քաղաքականության հոսքերում հայկական հարցի շրջանառության դինամիկայի եւ մակարդակի հետ կապված, որն օրինակ արտահայտվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված աննախադեպ ակտով:

Անկարան լավ է պատկերացնում, որ ճնշումը գնալով ուժգնանալու է, պայմանավորված աշխարհակարգային լայն տրանսֆորմացիայով:

Մեծ հաշվով, նոր կայքի ստեղծման առումով Անկարայի խնդիրը թերեւս ժխտումը չէ: Դա կարող էին անել գուցե առանց կայքի էլ, կամ եղած տեղեկատվական ռեսուրսներով: Թուրքիան ըստ երեւույթին ստեղծում է գործիք, որով պատրաստվում է կենտրոնացված եւ համակարգված «հարաբերվել» ուժային կենտրոնների հետ, որոնք էական դեր ունեն միջազգային քաղաքականության անցուդարձում եւ որոնց զինանոցում է լինելու «հայկական հարցը»:

Անկարան ըստ երեւույթին պատրաստվում է հայկական հարցի առնչությամբ նրանց հետ տեղեկատվական պատերազմի, ժխտման խնդրից անցնելով առաջ եւ փորձելով հայերի հանդեպ հանցագործության համար մեղքի կամ պատասխանատվության բաժիններ դնել նաեւ ուժային կենտրոնների վրա, որոնք էական դեր են կատարում թե այժմ, թե կատարել են դարասկզբին:

Արդյոք Անկարան պատրաստվում է հայկական հարցի «աշխարհքաղաքական լյուստրացիայի», դիմելով, կամ առնվազն մշտապես պատրաստ լինելով ծայրահեղ դեպքում իրեն ներկայացնել որպես ընդամենը ուժային կենտրոնների հանցակից՝ երբ հայկական հարցում կանգնի պատի առաջ

Թուրքիայի իշխանությունը մշտապես շոշափել է արխիվներ բացելու հանգամանքը, թերեւս ակնարկելով, որ ինքը եղել է դահիճը, բայց իր ձեռքը ոչ միայն չեն փորձել բռնել, այլ նույնիսկ ավելի են մոտեցրել զոհին՝ ինչ-ինչ նկատառումներով:

Դրա հետ մեկտեղ, Անկարայի տեղեկատվական նոր գործիքի հիմնումը հատկանշական է այն ֆոնին, որ սպասվում է հայկական հարցի կարեւորագույն մի ասպեկտի՝ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի առումով: Բանն այն է, որ այդ պայմանագիրը Թուրքիան դիտարկել է թերեւս մի հսկա քար՝ հայկական հարցի վրա դրված, Ռուսաստանի ամբողջ ծանրությամբ եւ քաշով, որը փաստորեն ստանձնել է հայկական հարցը խեղդելու պայմանագրային պարտավորություն:

Բանն այն է սակայն, որ հայերը արցախյան ուղղությամբ քարը դեն են նետել վրայից, իսկ հետագա քառորդ դարում զանազան մոդելներով քարը վերստին իր տեղը վերադարձնելու, հայկական հարցի վրա դնելու ջանքերը ոչ միայն չստացվեցին, այլ 2016-ի ապրիլին փաստացի սպառվեցին, կնքվելով 2018-ի ապրիլով:

Անկարայի համար այդ իրավիճակում ավելի հավանական է դառնում այն, որ Մոսկվան կարող է հրաժարվել ռուս-թուրքական պայմանագրի երկարաձգումից, երբ երկու տարի անց պայմանագիրը կհատի մեկդարյա սահմանը:

Անկարան ըստ երեւույթին պատրաստվում է Մոսկվայի դեմ շանտաժին: Սիրիայի սահմանին խփված օդանավը, հետո Անկարայում գնդակահարված դեսպանն «աշխատեցին» որպես այդպիսին: Կստացվի՞ Թուրքիայի մոտ շանտաժը երրորդ անգամ: