Հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել մեկի շուրջ, ում քշել է իշխանությունից

- in Պնակալեզներ
serzh-robert

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է և այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան», երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս հայտարարել է ․«Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է: Անհամբեր կսպասենք պատմության դատին, տեսնենք, թե ում նկատմամբ հարուցված գործը ապագայում կլինի կրակ կամ հուր, և ում նկատմամբ հարուցված գործը կլինի հող: Կարծում եմ, այդ հնարավորությունները մեր պատմությունն ունենալու է: Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքը արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները: Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք այս վերջին երեք օրերի ընթացքում, և այստեղ իրոք պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»:

Եթե վերանանք Աշոտյանի «փիլիսոփայական» մտավարժանքներից, ապա ստիպված ենք արձանագրել, որ նա, ըստ էության, գեներացնում է Ռոբերտ Քոչարյանի «Կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը, որը պետք է իրականություն դառնար արդեն ավարտված աշնանը, սակայն մեր հասարակությունն այդպես էլ «թեժություն», համենայն դեպս՝ երկրորդ նախագահի նկարագրած սցենարով, չտեսավ։

Պարզ է՝ դա գիտակցում են նաև Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը ու չեմ կարծում՝ այնքան կտրված են իրականությունից, որ հավատան ռևանշիստական կոնսոլիդացիայի նոր բանաձի արդյունավետությանը, մանավանդ Սերժ Սարգսյանին առաջադրվել է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանք։

Այլ խոսքով՝ հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել մարդու շուրջ, որին մեկ ու կես տարի առաջ քշել է իշխանությունից, առավել ևս, որ պարզվում է՝ այդ մարդը զբաղված է եղել բացահայտ թալանով։ Թալանի ու կոռուպցիայի շուրջ կոնսոլիդացիա տեղի է ունենում բանդաներում, կազմակերպված հանցագործ միավորներում, սակայն՝ ոչ հանրային միջավայորում կամ պետության մեջ, որը ժողովրդավարական է։

Մյուս կողմից՝ Աշոտյանն առավել, քան անկեղծ է գտնվել․ նրա խոսքում որևէ բառ չկա հանրային կոնսոլիդացիայի մասին։ ՀՀԿ-ն, ինչպես իր իշխանության տարիներին, այնպես էլ հիմա՝ հասարակությանը չի համարում գործընկեր ու իր ծրագրերը կառուցում է ժողովրդի տրամադրությունները, օրակարգը շրջանցելով։

Արմեն Աշոտյանի «հականիկոլական կոնսոլիդացիան» չի տարածվում նաև խորհրդարանական ընդդիմության վրա, որովհետև թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և թե ԲՀԿ-ն հրապարակավ քանիցս հայտարարել են, որ բացառում են որևէ համագործակցություն նախկին համակարգի սեգմենտների հետ։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի պատկերացրած «կոնսոլիդացիան» վերաբերում է բացառապես նախկին համակարգի սեգմենտներին, որոնց, թերևս, նկատի ուներ նաև Քոչարյանը, երբ խոսում էր «Կոնսենսուս՝ մինուս մեկի» մասին։

Քոչարյանը՝ որպես հետհեղափոխական իշխանության հիմնական թիրախ, այդպես էլ չկարողացավ կոնսոլիդացնել հին համակարգի սեգմենտներին՝ մնալով մի քանի տասնյակ վարձկան աջակիցների հույսին։ Հիմա էլ՝ հին համակարգին կոնսոլիդացնելու փորձ է անում Սերժ Սարգսյանն ու այս իմաստով նա ձեռնոց է նետում ոչ թե Փաշինյանին, այլ՝ Քոչարյանին։

Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, որի իշխանությունը «թույլիկ» մեղադրանքով ֆորմալիազացրեց Սերժ Սարգսյանի «քաղհալածյալի» կարգավիճակը՝ «թավշյա» մեծահոգությամբ նրան թողնելով ազատության մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...