ՀԴՄ կտրոն չխփելը դիտարկվելու է զինվորից գողություն, և վերաբերմունքն էլ լինելու է համարժեք

- in Տնտեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի առաջին իսկ րոպեներից ներում չի լինելու ՀԴՄ կտրոն չխփողների համար՝ անկախ, թե ինչ մեծությամբ առևտրային գործունեություն ծավալող սուբյեկտի մասին է խոսքը:

Ըստ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոն չխփելը դիտարկվելու է զինվորից գողություն, և վերաբերմունքն էլ լինելու է համարժեք: Ինչ խոսք, ՀԴՄ կտրոնի տրամադրումը կարևորագույն խնդիր է Հայաստանում ստվերի դեմ պայքարի, այդ թվում՝ խոշոր ստվերի դեմ պայքարի համատեքստում: Մյուս կողմից, այդ հարցը Հայաստանում տարիներ շարունակ եղել է «դիլեմաներից» մեկը, երբ նախկին իշխանությունը պարբերաբար փորձում էր ՀԴՄ կտրոնի միջոցով փաստաթղթային դաշտ բերել նաև խոշորներին, իսկ ՀԴՄ կտրոն խփող առևտրային սուբյեկտները դժգոհում էին վարչարարական ճնշումից և պահանջում էին սկսել խոշորներից: Սակայն այդ խնդիրները առաջանում էին առաջին հերթին իշխանության լեգիտիմության բացակայությունից:

Նիկոլ Փաշինյանին կոշտ մոտեցման մասին հայտարարելու հիմք տալիս է լեգիտիմությունը, և սա էական հանգամանք է, թեև անկասկած է, որ լինելու են դժգոհ սուբյեկտներ և այդ հարցը խաղարկողներ: Սակայն խնդիրը այստեղ այն է, թե արդյոք այդ անզիջում ու կոշտ հանգամանքը չի բերելու նրան, որ առաջանալու է որոշակի անվստահություն վարչապետի և փոքր ու միջին ձեռնարկատերերի միջև: Որովհետև կա նուրբ մի հարց՝ հարկային վարչարարություն իրականացնողների հարցը, որոնք կարող են զանազան, այսպես ասած, կեղտոտ հնարքներով՝ իսկ դրանց նրանք տիրապետում են նախկինից, փաստի առաջ կանգնեցնել տնտեսվարողներին, որոնք, չպետք է մոռանալ՝ մարդ են, ոչ թե ռոբոտ, մեքենա, ծրագիր, որ աշխատեն անշեղ ու ավտոմատացված:

Կա՞ երաշխիք, որ չի լինի այդ երևույթը, և վարչարարություն իրականացնող կառույցը վարչապետի կամքն ու լեգիտիմությունը, այսպես ասած, էժան ձևով չի «մանրի» տնտեսվարողների հետ իր հարաբերություններում: Սա շատ նուրբ և կարևոր խնդիր է, որը պետք է արժանանա կառավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ուշադրությանը, հատկապես նկատի ունենալով այն խնդիրը, որի մասին բավականաչափ խոսել է նաև ինքը՝ պետական կառավարման համակարգում դեռևս հին մտածողությամբ և նաև հին, այսպես ասած, կապերով աշխատող մի շոշափելի շերտի մասին, որոնք փաստորեն վարչապետի բավականին կոշտ տոնայնության մեջ հնչեցրած վերջնագրային մոտեցումը կարող են դարձնել իրենց «գործունեության» լեգիտիմ առիթ՝ վարչապետի լեգիտիմության հաշվին: Դա չի նշանակում, որ չպետք է դրվի առևտուրը փաստաթղթավորելու և այդ իրողությունը բացարձակացնելու խնդիր, ստվերի դեմ պայքարի կարևորագույն խնդիր: Հարցն այն է, որ այդ խնդիրները դրվեն հանրության հետ այնպիսի երկխոսությամբ, որ բարձրացնեն հանրություն-իշխանություն փոխվստահության մակարդակը, և ոչ թե հանրության հետ խոսքի «ավանդական» միջավայրը կարոտած վարչարարական շրջանակների հնարավորությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...