Հերթական անգամ «խիարը թարս բուսնեց»

- in Պնակալեզներ
Mishik

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ իշխանությունը ժամանակավոր է և շատ շուտով ու շատ անսպասելի հեռանալու է։

Իհարկե, չափազանց բարդ ու անպատասխանատու գործ է ռացիոնալ հարթության վրա հասկանալ նախկին դեսպանի քաղաքագիտական կանխատեսումը։ Ապրիորի ժամանակավոր է ցանկացած իշխանություն, որովհետև նորմալ երկրներում ընտրական ինստիտուտը կարող է փոխել քաղաքական ուժերի հարաբերկացությունը։ Սակայն Մինասյանը գուժում է մի իշխանության տապալում, որն ընդամենը մեկ տարի առաջ միանգամայն օրինական ընտրություններում ստացել է հասարակության 70 տոկոսի քվեն, այլ խոսքով՝ ունի լեգիտիմության մեծ պաշար՝ անգամ ոչ պոպուլյար բարեփոխումներ իրականացնելու, երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական արմատական ռեֆորմներ կյանքի կոչելու համար։ Թերևս հենց այս հեռանկարն էլ վախեցնում է հին համակարգին, որովհետև ինստիտուցիոնալ ռեֆորմներն անշրջելի են դարձնելու հեղափոխությունը՝ թաղելով ռևանշիզմի որևէ դրսևորում, փորձ։

Այս ճշմարտությունն, իհարկե, նախկին համակարգի գործիչները, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, հրաշալի հասկանում են, հակառակ պարագայում՝ օտար ափերում դեգերելու փոխարեն, վաղուց Հայաստանում կլինեին ու կառաջնորդեին պայքարը «հեռացող ժամանակավոր իշխանության» դեմ։

Հին համակարգի գործիչների «բոցավառ» ելույթների, «հեղափոխական» լայվերի մոտիվն այլ է՝ նրանք փորձում են կոնսոլիդացված պահել ռևանշիստների թիմը, միով բանիվ՝ գործ ունենք նաև կատաղի ներհամակարգային պաքարի հետ, երբ հին իշխանության առնվազն մի քանի կենտրոններ պայքարում են ընդդիմադիր սեգմենտում առաջատարության համար՝ չխնայելով միմյանց։

Սակայն վերանանք Միքայել Մինասյանի կանխատեսումներին տրվելու գայթակղությունից, մանավանդ, որ նրա գրառման մեջ շատ ուշագրավ գնահատական է տրվում Հայաստանի գործող իշխանությանը։ «Ռեժիմն իրեն պահում է տնվորի, ժամանակավորի հոգեբանությամբ, երկիրը գրաված «քոչվոր նվաճողի» պես։ «Քոչվոր նվաճողների» ռեժիմը, պատմական անալոգիայով, հպատակեցնում է բոլորին և վերացնում ազգային դիմադրողականությունը՝ հարձակվելով եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա»,- գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը։

«Քոչվոր նվաճողների ռեժիմ» տերմինը շատ դիպուկ է, եթե նույնիսկ քաղաքական չէ։ Իհարկե, տերմինի հեղինակը շփոթել է հասցեատերերին, որովհետև աշխարհում ինձ հայտնի չէ որևէ նախադեպ, երբ «Քոչվոր նվաճողների ռեժիմը» կարողացել է «օկուպացված» երկրում արժանանալ հասարակության բացարձակ վստահությանը՝ օրինական ընտրությունների միջոցով։ Ենթադրում եմ՝ այս տերմինը Մինասյանի ականջներին սովոր է, որովհետև մեր հասարակության լայն շրջանակները հենց այսպիսի բնորոշում էին տալիս անցած քսանամյակին, երբ նրա աները՝ Սերժ Սարգսյանը, իսկ դրանից առաջ՝ վերջինիս ընկեր Ռոբերտ Քոչարյանը բառի իսկական իմաստով բռնազավթել էին հայաստանյան իշխանությունը՝ տոտալ ընտրակեղծարարության միջոցով «թվեր խփելով» 1998, 2003, 2008, 2013թթ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, «հպատակեցնելով բոլորին և վերացնելով ազգային դիմադրողականությունը»։

Ինչպես կասեր դասականը՝ հերթական անգամ «խիարը թարս բուսնեց»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...