ՀՅԴ վերնախավն արդեն խնդիր ունի ոչ միայն քաղաքականության, այլև՝ լեզվամտածողության հետ

HYD Serzh

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամներ արտաքսվել են Դաշնակցության շարքերից: Նրանց անդամակցությունը, մինչև նամակի հրապարակումը, կասեցված է եղել ԳՄ մի շարք որոշումներին հակառակվելու համար:

ՀՅԴ ԵՄ անդամ Գոռ Սարգսյանին այս հարցի հրապարակային դառնալը զարմացնում է: «Կար մարմին, ուր կարող էին գնալ, «Դատական մարմին» է կոչվում, մեկուսացվածներն այնտեղ կարող են արդարանալ, ներկայացնել իրենց տեսակետը, պաշտպանվել: «Դատական մարմինը» միայն նրանց լսելուց հետո կարող էր որոշում կայացնել, բայց այդ մարդիկ չեն ուզել անել այդ ամենը, հասկացել են, որ, եթե կանոնագրով գնան, իրենք սխալ են դուրս գալու, փորձել են հանրայնացնել, ընկել են ազդեցությունների տակ, իրենց կեցվածքը մարդիկ օգտագործեցին, անպատասխատանտու հայտարարություններ արեցին, մեղադրանքներ ներկայացրին: ՆԱՈւՄ անդամներն այն, ինչ պետք է «Դատական մարմնում» անեին, հանրայնացրել են: Իշխանություններն էլ մեր ակցիայի ֆոնին փորձեցին այդ ամենն այլ կերպ ներկայացնել»,- ասել է նա:

Ուշադիր ընթերցում էի այս տողերը ու ինձ թվում էր՝ մեկ-երկու դար հետ եմ գլորվել ու ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովրդավարություն կոչվածը հարաբերական մի բան է։ Ինչպե՞ս կարող է ժամանակակից աշխարհում մարդն արտաքսվել կուսակցությունից՝ իրադարձային հարցում սեփական տեսակետ ունենալու համար։ Բանից պարզվում է՝ այսօր կարող է նման բան տեղի ունենալ, այն էլ՝ այն Հայաստանում, որի ժողովուրդը մոտ երկու տարի առաջ թավշյա, ասել է թե՝ դեմոկրատական հեղափոխություն է իրականացրել։ Ահավասիկ, եթե դեմոկրատական Հայաստանում ավտորիտար կուսակցություն է գործում, ապա երկրի սահմանադրական հիմքերն ինքնին վտանգված են, մանավանդ, օրինակ, շարքային դաշնակցականը թերևս չգիտե, թե ո՞ր դատարանն է իր համար դոմինանտ՝ ա՞յն, որը գործում է Սահմանադրության ուժով և իմպերատիվ որոշումներ է կայացնում բոլորիս համար, թե՞ «կուսակցականը», որը մեկուսացնելու, արտաքսելու, իսկ գուցե նաև գնդակահարելու իրավունք ունի։

ՀՅԴ-ում ասում են՝ «պարտիզանական հարված» ասելով չպետք է հասկանալ ինչ-որ ծայրահեղ գործողություններ, այլ՝ ցույցեր, ակցիաներ, դա ընդամենը բնութագրող բառ է:

Այս պարագայում՝ ՀՅԴ վերնախավն արդեն խնդիր ունի ոչ միայն քաղաքականության, այլ նաև՝ լեզվամտածողության հետ։ Նույնիսկ դպրոցականը տեղյակ է, որ «պարտիզանական հարված» հասցվում է երկիրն օկուպացրած ռեժիմներին, որոնց բնույթն այնպիսին է, որը տեղ չի թողնում լեգալ քաղաքական գործունեության համար։ Հիմա՝ եթե Հրանտ Մարգարյանը կարծում է, որ գործող իշխանությանը «պարտիզանական հարված» հասցնել է պետք, ապա համարում է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «զավթել» են իշխանությունը։ Սա ավելի վտանգավոր տեղ է տանում, որովհետև բացահայտում է ՀՅԴ աշխարհայացքը, մերժողական վերաբերմունքն ընտրությունների ինստիտուտի հանդեպ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի հազար ու մի թերություն ու, անշուշտ, արժանի է երբեմն կոշտ քննադատության, սակայն անվիճարկելի է, որ այս իշխանությունը ձևավորվել է հասարակության քվեի ուժով, այլ խոսքով՝ օրինակարգ է։ Ըստ այդմ՝ ՀՅԴ-ն պատրաստվում է «պարտիզանական հարված» հասցնել հասարակությանը, այլ խոսքով՝ պատերազմ հայտարարել Հայաստանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...