Հրայր Թովմասյանին հնարավորություն է տրվում այդ ճգնաժամը հաղթահարելու

- in Կարծիք

«Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և Հրայր Թովմասյանին հնարավորություն է տրվում այդ ճգնաժամը հաղթահարելու, որովհետև ինքնուրույն դա պետք է ինքն աներ ամիսներ առաջ: Բայց ճգնաժամը արդեն հասավ այնտեղ, որ պառլամենտն արդեն երկրորդ անգամ քայլ է անում, որպեսզի հնարավորություն տա ՍԴ-ին ու նրա անդամներին»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ թե ինչքանով իրենք կօգտվեն այդ հնարավորությունից, ցույց կտա ժամանակը: Այստեղ ճգնաժամի հաղթահարման կարևորությունն է, ոչ թե այն՝ խարդախություն կա, թե չկա: «Իհարկե, խարդախություն չկա»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, թե հանդուրժողականության պակաս կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ընդհակառակը, սերը պարբերաբար ի հայտ է գալիս: Պարբերաբար կռվում են, հետո սիրում են: Հենց ընդդիմության խնդիրն այն է, որ այդ պակասը զգա, հետո լրացնի նաև իրենց կողմից էլ: Դա պետք է լինի օրինագծերի տեսքով և նրանց կողմից պետության առաջնահերթությունները սպասարկելու հարցում: Մնացած սիրո զգացմունքները մի քիչ այլ տեղ են քննարկվում»:

«Այո, 600 մլն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց այդ բարձր գինը մենք ստիպված ենք վճարել, որովհետև շատ ժամանակ է անցել, և այդ գինը տոկոսներով բարձրացել ու մնացել է մեր ուսերին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կամավոր թոշակի ուղարկելու օրենքին: Ըստ Թունյանի՝ եթե գտնում ենք, որ ՍԴ խնդիրը պետք է լուծվի և անցնցում, Հայաստանի ապագային միտված այս քայլի համար 600 մլն դրամն այդքան էլ մեծ գումար չէ:

«Հնչեց, թե դա տարեկան թիվն է, տարեկան չէ, ընդհանուր ծախսն է, և այն դեպքում, եթե բոլոր դատավորները համաձայնեն այդ տարբերակով գնալ»,- ասաց Թունյանը: Ըստ նրա՝ Հայաստանում երկար ժամանակ թե տեղական, թե միջազգային փորձագետների կողմից տնտեսական զարգացման ամենակարևոր խոչընդոտներից մեկը եղել է դատական համակարգը: Դրա համար չպետք է թերագանհատել այդ խնդրի կարևորությունը և չպետք է տպավորություն ստեղծել, որ մարդկանց հետաքրքրում են միայն սոցիալական խնդիրները: «Մեր համաքաղաքացիները գոնե ինտուիտիվ զգում են, թե խնդիրների արմատը որտեղ է»,- հավելեց նա:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...