Mishik

ՀՔԾ-ն հայտնում է. «Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը»: Իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ւհարկե արդեն իսկ լավ է, որ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, իսկապես նա պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր արարքների համար, բայց առաջադրված մեղադրանքը թույլ է: Դրա հետ զուգընթաց նա պետք է պատասխանատվություն կրի նաև մյուս հանցագործությունների, մասնավորապես՝ մարտի 1-ի համար:

Այս իմաստով մենք առնվազն հույս ունենք, որ մարտի 1-ի վերաբերյալ իրավական գործընթացների շղթան վերջապես կհասնի նաև 2008 թ. ներքաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Իհարկե մենք չենք փորձում որևէ կերպ խախտել երրորդ նախագահի անմեղության կանխավարկածը և ոչ էլ ՀՀԿ-ականների նմանությամբ համոզում ենք, որ նա կամովին նստի։ Բայց այս ամենից զատ չենք էլ կարող անտեսել հիմնախնդրի քաղաքական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապերը: Իրավունքը կամ էլ իրավական համակարգն ինքնին մեկուսացած կղզյակ չէ, և դրա կայուն կենսագործունեությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով:

Ասվածի համատեքստում պետք է արձանագրենք, որ մարտի 1-ի ոճրագործության առաջնային շահառուն այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ ըստ նախանշված ճանապարհային քարտեզի նա դիտարկվում էր որպես Քոչարյանի իշխանության ժառանգորդ: Ավելին՝ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ կեսից սկսած Սերժ Սարգսյանը հետևողական ու ամուր քայլերով նախապատասրաստվում էր ստանձնել Հայաստանի կառավարման ղեկը:

Այսինքն գոնե քաղաքական տեսանկյունից երրորդ նախագահը առնվազն շահագրռված էր, որ ընտրությունները կեղծվեն, իսկ ընդդիմությունն էլ ամեն գնով դուրս մղվեր ու չեզոքացվեր: Կարելի է ասել, որ Հանրապետությունում սահմանադրական կարգը խախտվել է հանուն նրա իշխանության ամրապնդման ու շարունակականության: Հանգամանքներն այս ամբողջացնում են իրադարձությունների քաղաքական խճանկարը, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս ամենի իրավական դրսևորումն ու մարմնավորումը:

Կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից, նույնիսկ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը գործել ու որոշումներ է կայացրել նրա անմիջական աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ առնվազն 1997 թ.-ից սկսած առանց Սերժ Սարգսյանի իմացության ու մասնակցության Հանրապետությունում որևէ հարց չի լուծվել: Սկզբում նա Ներքին գործերի ու անվտանգության սուպեր նախարար էր, իսկ հետո Պաշտպանության նախարար ու վարչապետ: Արդյո՞ք նա կարող էր տեղյակ չլինել զարգացումների ընթացքից, իհարկե ոչ, ամենայն հավանականությամբ արտակարգ դրության հրամանագիրն էլ գրվել է նրա անմիջական մասնակցությամբ:

Այլ խնդիր է, որ արյունահեղության առաջնային պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ որպես գերագույն գլխավոր հրամատար վերջնական ստորագրությունը նրանն է եղել: Բայց, այնուամենայնիվ, պետք է Սարգսյանին էլ պատասխանատվության կանչելու որևէ իրավական ճանապարհ առաջարկվի: Դա է արդարության միջավայր ու արդար հասարակարգ ձևավորելու պահանջը:

Ի դեպ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել մարտի 1-ի արյունահեղության պատասխանատվությունից խուսափելու ու կատարվածը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու ուղղությամբ: Հայտնի է, որ Քոչարյանն ու Սարգսյանը վերջին տարիներին լրջագույն հակասություններ են ունեցել, և այստեղ կենտրոնական դերակատարություն է ունեցել հենց մարտի 1-ի պատասխանատվության հարցը: Երրորդ նախագահն իր կուսակիցների շուրթերով պարբերաբար անուղղակի կերպով ակնարկել է, որ ինքն այդ հիմնախնդրի հետ գործ չունի, ու առաջնային մեղավորը Քոչարյանն է: Բայց չէ՞ որ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ապրող մարդիկ հասկանում են, որ դա չի համապատասխանում իրականությանը, Քոչարյանը չէր կարող միայնակ գործել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...