Serj Sargsyan

Հետհեղափոխական Հայաստանը հարուստ է քաղաքական տեխնոլոգիաների, մանիպուլյացիոն մեխանիզմների ու միֆերի կիրառություններով։

Իհարկե վերոհիշյալ տարրերը քաղաքական համակարգի պարտադիր ու անբաժան բաղադրիչներն են, բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո դրանց կիրառություններն էլ ավելի մեծ տարածքներ են զբաղեցրել՝ երբեմն շրջանցելով թույլատրելիության սահմանագիծը։ Այլ խոսքով՝ Հայաստանի քաղաքական միջավայրը փոխակերպվել է դատարկ տարածության, որն անընդհատ լցվում է քաղաքական տեխնոլոգիաների շահարկումներով, մանիպուլյացիոն մեխանիզմներով և անհաղթահարելի միֆերով։

Բնականաբար սա չափազանց մեծ ու բարդ թեմա է։ Այդ իսկ պատճառով փորձենք խուսափել հիմնախնդրի ամբողջական պատկերի նկարագրությունից ու կենտրոնանանք դրա առանձին դրսևորումների վրա։

Եթե փորձենք առանձնացնել քաղաքական տեխնոլոգիաների, մանիպուլյացիոն մեխանիզմների և միֆերի վերջին շրջանի ամենանշանակալի կիրառությունը, ապա վստահաբար կանգ կառնենք Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի և դրա շուրջ տարածվող անհիմն աղմուկի վրա։ Մասնավորապես երրորդ նախագահի կողմնակիցները փորձում են մերժված նախագահի կերպարից նահատակ նախագահի կերպար կերտել՝ ամրագրելով դա հանրային գիտակցության մեջ։

Նահատակությունը մարդկության պատմության ամենաազդեցիկ քաղաքական գործիքներից մեկն է։ Անհիշելի ժամանակներից ի վեր գրեթե բոլոր քաղաքական ու կրոնական շարժումների հաղթական ընթացքները պայմանավորվել են հենց այս գործիքի հմուտ կիրառությամբ՝ քրիստոնեից շարժումից մինչև Գանդի և այսպես շարունակ։

Ի դեպ նահատակ եզրույթն ամենևին պետք չի դիտարկել ֆիզիկական ոչնչացման համատեքստում։ Խոսքը գիտակցական անձնազոհության մասին է, որը կարող է և ավելին լինել, քան մարմնական մահը։ Այսինքն հանրապետականները Սարգսյանին ներկայացնում են որպես անձնազոհ անհատի, որը հանուն հայ ժողովրդի փրկության և Արցախի անվտանգության, պատրաստ է զոհաբերել ինքն իրեն ու զրկանքներ կրել՝ ենթարկվելով քաղաքական հետապնդման։ Մտքի կենտրոնական բաղադրիչը «հանուն հայ ժողովրդի» ձևակերպումն է, քանի որ հանրույթի հավաքական գիտակցության մեջ հանուն ընդհանուրի զոհաբերությունը դիտարկվում է որպես առաքինության բարձրագույն դրսևորում։ Խոստովանենք, որ գեղեցիկ է հնչում, վստահաբար ներհայկական իրականությունից անտեղյակ յուրաքանչյուր մեկը կարող է տպավորվել և ազդվել հերոսական այս վարքագծով։ Չէ՞ որ հանուն գաղափարի նահատակն ինչ-որ իմաստով ավելին է, քան մարդը, նա վերբնական էակ է, որը խորհրդանիշի կարգավիճակով ապահովում է հանրույթի գիտակցական ցատկը։

Ահա սա է հանրապետականների վերջին օրերի բովանդակային առաջնային թիրախը։ Փաստորեն զուտ իրավական գործընթացը քողարկվում է նահատակության ու անձնազոհության քաղաքական գործիքների ներգործությամբ՝ փորձելով մոլորեցնել ու հիմարեցնել քաղաքացիներին։

Ի դեպ դժվար է ասել, թե մոտեցումն այս հատկապես ո՞ւմ է ավելի շատ ձեռք տալիս, հանրապետականների՞ն, թե հենց Սերժ Սարգսյանին։ Իմ համոզմամբ երրորդ նախագահի շուրջ ծավալվող իրավական գործընթացներն առաջին հերթին բխում են հենց հանրապետականների շահերից։ Անշուշտ Սարգսյանի շահը չնչին է, իսկ կուսակցականները նահատակի ու քաղհալածյալի նրա կերպարը օգտագործելու են սեփական կարճաժամկետ հետաքրքրությունները սպասարկելու համար և պատեհությունից ելնելով ամեն պահ կարող են մոռանալ մեղադրյալ նախագահի ճակատագրի մասին, որը համաձայնվել է զրկնանքեր կրել հանուն Հայաստանի մոլորյալ քաղաքացիների և նրանց սթափեցման։

Չնայած քարոզչական արշավը չափազանց զորեղ է, բայց, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ Սարգսյանից քաղաքական հալածյալ դուրս չի գա։ Պարզապես որոշ մարդիկ չեն փորձում նկատել, որ ծառերի ետևում ամեն դեպքում անտառ կա։